Մատչելիության հղումներ

Սոցիոլոգ. «Միգուցե սկանդալների մասին մոռանում են, բայց դժգոհությունը կուտակվում է»


Բողոքի ակցիա Երևանում, արխիվ
Բողոքի ակցիա Երևանում, արխիվ
Գիտությունների ազգային ակադեմիայի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանի ներկայացմամբ, երկրում ստեղծվել է պայթյունավտանգ իրավիճակ:

Սոցիոլոգիական գիտությունների դոկտորի խոսքով, այդ մասին են վկայում իրենց հետազոտությունները, և եթե իրադրությունը երկրում չփոխվի՝ առաջին հերթին չբարելավվի մարդկանց սոցիալ-տնտեսական իրավիճակը, ապա առաջիկայում ականատես կլինենք պայթյունի, այսինքն՝ հանրային ընդվզումների, ըմբոստության:

Պողոսյանը, սակայն, ընդգծեց, ինքը, բնականաբար, չի կարող ասել՝ արդյոք հանրային ընդվզումները կհանգեցնե՞ն իշխանափոխության, թե՞ ոչ:

Պողոսյանի խոսքով, երկրում պայթյունավտանգ իրավիճակի պատճառը միայն բարդ սոցիալ-տնտեսական իրադրությունը չէ: Աստիճանաբար, հայաստանյան հանրությունն ավելի ազատ է դառնում՝ թե՛ արտահայտվելու, թե՛ գործելու առումով:

«Առաջինը՝ մարդիկ իրենց կողմնորոշումներն ունեն, և երկրորդը՝ չեն վախենում, չեն խուսափում իրենց կողմնորոշումները բարձրաձայնել։ Այն, ինչ խորհրդային տարիներին հնարավոր չէր, այսօր հնարավոր է»,- ասում է Պողոսյանը։

«Սակայն հարցը միայն ազատորեն մտքերն արտահայտելը չէ: Սովորաբար, մտքերի ազատ արտահայտումից հետո, մարդիկ սկսում են գործել»,- շարունակեց մասնագետը.- «Արտահայտվելուց բացի մենք տեսնում են որոշակի ձևավորված ինչ-որ հոսանքներ։ Ես չէի ասի, որ սրանք քաղաքական հոսանքներ են կամ ուղղորդվող հոսանքներ են, բայց բոլոր դեպքերում դա քաղաքացիական ըմբոստության, անհամաձայնության, դժգոհության և բողոքական զանգվածի գործողություններ են։ Դրանք կարող են լինել երթեր, ցույցեր, հացադուլ։ Այսինքն հասարակությունը բավականին ակտիվացել է, գտնում է ձևեր իր դժգոհությունը արտահայտելու և այդ ձևերը գնալով լրջանում են։ Այս ամենը ամփոփելով՝ ես եկա այն եզրակացության, որ մենք 2014 թվականին պետք է պատրաստ լինենք շատ լուրջ իրադարձությունների։ Մենք ռումբի վրա ենք նստած և այդ ռումբը ամեն րոպե կարող է պայթել»։

Ըստ սոցիոլոգի, զարգացած ժողովրդավարություններում հանրային դժգոհությունը արդյունքը կա՛մ ընտրությունների միջոցով իշխանափոխությունն է, կա՛մ իշխանությունների կողմից կադրային լուրջ փոփոխությունները: Սակայն Հայաստանում երկու տարբերակն էլ չկան:

Հայաստանում, Գևորգ Պողոսյանի ներկայացմամբ, իշխանությունները փորձում են հանրային դժգոհության դեմն առնել, իշխանությունների հետ կապված սկանդալներից հանրության ուշադրությունը շեղել՝ մատուցելով նոր սկանդալներ:

«Եվ այնպիսի տպավորություն է, որ հին սկանդալի մասին մոռանում են, քանի որ խոսում են նոր սկանդալի մասին։ Հիմա եթե դու շարունակ միայն երկրորդ ճանապարհով ես գնում, այսինքն միշտ հին սկանդալը ծածկելու համար նոր սկանդալի ես դիմում, կամ ստեղծում ես նոր սկանդալի մասին մեդիա դաշտ, տպավորություն է ստեղծվում, որ միշտ մոռացվում է անցածը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ միգուցե սկանդալների մասին մոռանում են, բայց դժգոհությունը կուտակվում է։ Սա սոցիալական էֆեկտ է»,- ասաց նա։

Կառավարությունից չցանկացան արձագանքել: Փոխարենը, Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող Հանրապետականի անդամ Հակոբ Հակոբյանը «իրականությունից շատ հեռու» որակեց Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակի մասին պնդումը:

«Արդեն այսօր մարդիկ ազատ են արտահայտվում, դա նշանակում է, որ պայթյունավտանգ իրավիճակ չի կարող լինել, որովհետև մարդիկ իրենց բողոքները, գանգատները կարողանում են արտահայտել»,- ասաց իշխող կուսակցության ներկայացուցիչը։

«Հայաստանի իշխանությունները արձագանքում են հանրության դժգոհությանը՝ տարեցտարի մեծացվում է սոցիալական ապահովության փաթեթը, աճում են աշխատավարձերը ու կենսաթոշակները, որոնք աննախադեպ են իրենց մեծությամբ 1991 թվականից ի վեր: Իշխանությունները նաև շարունակում են բարեփոխումները ամենատարբեր ոլորտներում»,- ասաց Հակոբյանը։
XS
SM
MD
LG