Փորձագետը գտնում է, որ Հայաստանը ժողովրդագրական աղետի շեմին է

Your browser doesn’t support HTML5

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանի համոզմամբ` Հայաստանն այսօր կանգնած է ժողովրդագրական աղետի առջև:

«Կարելի է ասել, որ մոտ ենք արդեն ժողովրդագրական աղետալի վիճակին, եթե ոչ արդեն ժողովրդագրական աղետալի վիճակում ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բոյաջյանը և շարունակեց. - «Մոտակա 5-6 տարվա ընթացքում մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով նվազելու է, բնականաբար կնվազի նաև ծնվածների թիվը: Իսկ տարեցների տեսակարար կշիռը կավելանա: Եվ կարող է դա հանգեցնել բնական աճի բացասական մնացորդի»:

Միայն Գյումրիում, մասնավորապես, մեկ տարվա ընթացքում բնակչության թիվը նվազել է 23 հազարով: Եվ դա անդրադարձել է նաև ծնունդների թվի վրա: «Ազատության» հետ զրույցում Շիրակի մարզպետարանի առողջապահության բաժնի պետ Հայկուշ Ավետիսյանի տեղեկացմամբ` 2012-ի համեմատ անցած տարի ծնունդների քանակը մարզում նվազել է ավելի քան 100-ով, իսկ Գյումրիում` ավելի քան 400-ով:

Ավետիսյանը ծնունդների թվի նվազումը կապում է հիմնականում արտագաղթի հետ:

Ստեղծված իրավիճակից ելքը Արտաշես Բոյաջյանը տեսնում է ներգաղթը խթանելու մեջ. - «Ո՞ր դեպքում մարդիկ կվերադառնան Հայաստան: Եթե գիտենան, որ աշխատանք կունենան և ավելի շատ գումար կվաստակեն, քան դրսում: Մեր տնտեսագետները, իշխանությունը, կառավարությունը պիտի մշակի այնպիսի ծրագրեր… Դա մասնագետների խնդիրն է: Ոչ այնքան քաղաքական գործիչների»: