Ադրբեջանցի հրապարակախոսի սպանության քրգործը դադարեցվեց

Ռաֆիգ Թագի

Ադրբեջանում դադարեցվել է գրող և հրապարակախոս Ռաֆիգ Թագիի սպանության քրեական գործը: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թագիի իրավունքները պաշտպանող փաստաբան Էլչին Սադիգովի ֆեյսբուքյան հաղորդագրությունը:

Փաստաբանին գործի դադարեցման մասին նամակով հայտնել է գլխավոր դատախազությունը:

Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել 2011 թվականի նոյեմբերի 19-ին, նրան դանակի բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Հարձակումից չորս օր անց՝ նոյեմբերի 23-ին հրապարակախոսը մահացել է հիվանդանոցում:

Փաստի կապակցությամբ քրեական գործ էր հարուցվել առողջությանը դիտավորությամբ վնաս հասցնելու հոդվածով, որը Թագիի մահից հետո փոխարինվել էր դիտավորյալ սպանության հոդվածով:

Թագին հայտնի էր իսլամը քննադատող իր հոդվածներով, նրա սպանությունը միջազգային արձագանք էր ստացել: