Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի գրողի սպանությունը միջազգային արձագանք է ստանում


Ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թագին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, մարտ, 2011թ.
Ադրբեջանցի գրող Ռաֆիգ Թագին «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, մարտ, 2011թ.
ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտարարել է, որ խորապես վշտացած է ադրբեջանցի գրող եւ հրապարակախոս Ռաֆիգ Թագիի մահվան կապակցությամբ, եւ հույս է հայտնել, որ նրա վրա հարձակում կատարած բոլոր անձինք պատասխանատվության կենթարկվեն։

Նոյեմբերի 23-ին տարածած հայտարարությունում Միյատովիչը նշել է. - «Լրագրողների եւ գրողների դեմ հարձակումները հարձակումներ են մամուլի եւ արտահայտվելու ազատությունների դեմ։ Այդպիսի հանցագործությունները պետք է լիարժեքորեն բացահայտվեն` հանուն ժողովրդավարության»։

Նա իր ցավակցությունն է հայտնել լրագրողի հարազատներին, գործընկերներին։

Նոյեմբերի 19-ին Ռաֆիգ Թագին հարձակման էր ենթարկվել։ Նրան թիկունքից դանակով մի քանի հարվածներ էին հասցրել մեջքին եւ պարանոցին։ Նոյեմբերի 23-ին գրողը մահացավ հիվանդանոցում, հինգշաբթի օրը նրա հուղարկավորությունն էր։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է, որ ցնցված են` լսելով Ռաֆիգ Թագիի մահվան մասին։ «Նկատի ունենալով նրա վերջին հրապարակումները եւ անցյալում նրա դեմ դատական հետապնդումները` մենք կոչ ենք անում լրջորեն հետաքննել այն վարկածը, որ հարձակումը հնարավոր է կապ ունի նրա լրագրողական աշխատանքի հետ», - ասված է կազմակերպության հայտարարությունում։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն նույնպես փոխանցում է, որ սգում է Ռաֆիգ Թագիի մահը եւ ցավակցություն է հայտնում նրա ընտանիքի անդամներին ու ընկերներին։ «Ադրբեջանի իշխանությունները պետք է պատշաճ հետաքննեն հարձակումը, որ հանգեցրեց նրա մահվանը, եւ բոլոր մեղավորներին դատական պատասխանատվության ենթարկեն», - հայտարարել է կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան։

Միջազգային լրագրողական կազմակերպությունները նշում են, որ Ռաֆիգ Թագին հայտնի էր Ադրբեջանի իշխանությունների քննադատությամբ, ինչպես նաեւ քննադատում էր Իրանի իշխանություններին, Իրանի կրոնական կառավարումը, բացասական էր վերաբերվում Ադրբեջանում իսլամիզմի տարածմանը։ 2006 թվականին Թագին երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել։

Իր վերջին հրապարակումներից մեկում, որը Ռաֆիգ Թագին տեղական կայքերից մեկում տեղադրել էր նոյեմբերի 10-ին, նա քննադատում էր Իրանին եւ այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին մեղադրում մահմեդականությունը վարկաբեկելու եւ քաղաքացիական աշխարհին սպառնալու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG