«Աշխատավարձ բարձրացնելով չես լուծի անօրինական որոշումները»

Your browser doesn’t support HTML5

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող մի քանի տասնյակ երիտասարդ ակտիվիստներ այսօր բողոքի ակցիա անցկացրին «Անելիք» բանկի կենտրոնական գրասենյակի դիմաց:

«Անելիք» բանկի 68 աշխատակիցներ, հիշեցնենք, ստորագրել էին երկրի նախագահին ուղղված պարտադիր կուտակային կենսթոշակային օրենքը փոփոխության ենթարկելու մասին նամակը: Սակայն բանկի ղեկավարությունը «Անելիք»-ի կայքէջում պնդում էր, թե աշխատակիցներն այս նամակի տակ ստորագրել էին թյուրիմացաբար` չիմանալով, թե ինչի տակ են ստորագրում:

Ակտիվիստները վստահ են, որ նամակի տակ ստորագրած աշխատակիցները բանկի ղեկավարության կողմից ենթարկվում են ճնշումների:

«Մեր ընկերներին իրավունք չունի որևէ մեկը ճնշելու կամ պարտադրելու, որ իրենց կարծիքները փոխեն», - նշեց ակտիվիստներից մեկը:

«Բանկի ղեկավարությունը հայտարարեց, որ պատրաստ է իրենց աշխատողների աշխատավարձը բարձրացնել, որպեսզի չտուժեն, բայց մեր ակցիան ուղղված է նրան, որ աշխատավարձ բարձրացնելով չես լուծում երկրում անօրինական որոշումները: Պետք է պայքարել, որպեսզի հակասահմանադրական բոլոր որոշումները չեղյալ հայտարարվեն», - ասաց մեկ այլ ակտիվիստ:

Ակցիայի մասնակիցները կոչ էին անում բանկի աշխատակիցներին չենթարկվել ղեկավարության ճնշումներին. - «Կոչ եմ անում բոլոր այդ ստորագրած աշխատակիցներին, որպեսզի նրանք հրապարակայնորեն հայտարարեն իրենց դիրքորոշումը, քանի որ ունեն դրա իրավունքը, որը սահմանված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ: Այլևս անցել են այն ժամանակները, որ մեր երկրում պիտի քաղաքացուն պահեն ստրուկի կարգավիճակում, փորձեն նրան ճնշել ֆինանսական կամ այլ եղանակներով»:

Ակտիվիստներից մի քանիսը, ովքեր հաշիվներ ունեին «Անելիք» բանկում, այսօր ի նշան բողոքի փակեցին դրանք:

Ակտիվիստները հաստատակամ են կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի դեմ իրենց պայքարում: «Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում այդ օրենքը, դա մեզ համար ոչինչ չի փոխում: Մեր պայքարը շարունակվում է: Իմ կարծիքով, հաշվի առնելով, որ հունվարից մարդիկ ռեալ կզգան այդ օրենքի ազդեցությունը, մեր շարժումը շատ ավելի կուժեղանա», - «Ազատությանն» ասաց նրանցից մեկը: