Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը պարտադիր կուտակայինի հարցով կդիմեն ՍԴ


Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցություններ`«Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը, «Ժառանգություն»-ը և ՀԱԿ-ը դեկտեմբերի 17-ին դիմելու են Սահմանադրական դատարան։

Անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն, Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) փոխանցմամբ` հավաքել են 30-ից ավելի:

ՍԴ դիմող պատգամավորները կարծում են, որ օրենքը հակասահմանադրական ճանաչելու համար կան բավարար հիմքեր. այն հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների:

«Վիճելի է սահմանադրականության հարցը», - ասաց Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ): - «Դա առաջին հերթին վերաբերում է քաղաքացու` իր սեփականությունը տնօրինելու իրավունքին, որը կոպիտ սահմանադրական նորմի խախտում է»:

Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ` իրենք հանդես են գալու նաև միջանկյալ միջնորդությամբ`կասեցնելու հունվարի 1-ից կուտակային կենսաթոշակների պարտադիր կիրառումը: «Սա իշխանություն – ընդդիմություն պայքար չէ», - ասաց նա` նշելով, թե «պայքարը գաղափարական է», ուստի հույս ունի, որ որոշումը կարող է նաև դրական լինել:

Զարուհի Փոստանջյանի («Ժառանգություն») կարծիքով` եթե իրենց ջանքերին զուգահեռ չըմբոստանա հասարակությունը, արդյունք չի գրանցվի. - «Դա կարող է տեղի ունենալ զանգվածային տարբեր ձևերի բողոքի ակցիաներով: Գործադուլը բավականին լուրջ և նպաստավոր միջոց է: Նաև, իհարկե, բողոքի տարբեր տեսակի ակցիաներ` հանրահավաքներ, երթեր, պիկետներ. պարալիզացում ամբողջ պետական համակարգի աշխատանքի: Այս ընդվզման միջոցով մենք հնարավորություն ունենք կանգնեցնել այս օրենքի կիրառումը»:

Իշխող քաղաքական ուժի` ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անիմաստ է համարում ոչ իշխանական ուժերի ջանքերը: «Աշխատած օրենք է, բացասական ելք չի կարող լինել», - ասաց նա` շարունակելով. - «Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանը որևէ բան կարող է գտնել»:

Իսկ եթե ՍԴ-ն իշխանության համար բացասական որոշում կայացնի, ապա, Սահակյանի ձևակերպմամբ` հասարակության զարգացումը դանդաղեցնելու պատասխանատվությունը կընկնի նախաձեռնողների վրա. - «23 տարի հետո մարդիկ կստանան էլի քսան, երեսուն, քառասուն հազար թոշակ: Բավականին առաջընթացներ կգրանցվի թե' աշխարհում, թե' մեզ մոտ, բայց թոշակները կմնան հիմնականում նույնը: Այդ պատասխանատվության մասին է խոսքը»:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, հիշեցնենք, ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, պարտադիր կիրառվելու է գալիս հունվարի 1-ից, 1974 թվականից հետո ծնված բոլոր քաղաքացիների համար: Կախված վաստակած գումարից` քաղաքացին իր աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը պարտավոր է լինելու հատկացնել կենսաթոշակային վճարին:

Գալուստ Սահակյանն այստեղ հանցավոր ոչինչ չի տեսնում. նրա խոսքով` 50 հազար դրամ ստացողի համար 2.5 հազարը բեռ չէ, բողոքում է 400 հազար և ավելի ստացողը. - «Ես չեմ կարծում, որ դրանով մարդկանց գրպանները կդատարկվի»:

Ոչ իշխանական չորս ուժերը դիմումը ՍԴ հանձնելու օրը նաև ակցիա կանցկացնեն, որը չեն բացառում, որ հանրահավաքի վերածվի Ազատության հրապարակում:

Արծվիկ Մինասյանը վստահեցրեց, որ եթե օրենքը հակասահմանադրական չճանաչվի, իրենք շարունակելու են պայքարը. - «Մենք նորից կնախաձեռնենք Ազգային ժողովում օրենսդրական նախագծերի քննարկում, այդ թվում նաև` արդեն հանրաքվեի շրջանակներում»:
XS
SM
MD
LG