Հովհաննես Թամամյանը ազատ է արձակվել

Հովհաննես Թամամյանը դատարանի դահլիճում, արխիվ

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը ուրբաթ օրը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել։

Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Ղլեչյանի փոխանցմամբ՝ պայմանական վաղաժամկետ ազատման համար «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը, որտեղ ոստիկանության նախկին բարձրաստճան պաշտոնյան պատիժն էր կրում, միջնորդություն էր ներկայացրել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարան։

Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ հայտարարված համաներումը տարածվել էր 2011-ի մարտից անազատության մեջ գտնվող Թամամյանի վրա, բայց նա ազատ չէր արձակվել, նրա պատիժը կրճատվել էր մեկ քառորդով։ Այսինքն նա պետք է շարունակեր կալանավայրում մնալ ևս մեկ տարի։

Թամամյանը քրեական հետապնդման էր ենթարկվել Արաբկիրում՝ սպանության, իսկ Գավառում` սպանության փորձի գործերի քննության ընթացքում փաստերը խեղաթյուրելու, իրական հանցագործներին դիտավորությամբ «ծանր հանցագործություն կատարելու համար քրեական պատասխանատվությունից զերծ պահելու» և հանցագործությունների իրական հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու համար։

Հովհաննես Թամամյանի փաստաբան Վաղինակ Գևորգյանը ավելի վաղ «Ազատությանը» ասել էր, որ ազատազրկման ժամանակաշրջանում իր պաշտպանյալը մի քանի անգամ դիմել էր վաղաժամկետ ազատ արձակվելու կամ բաց ռեժիմի պայմաններում պատիժը կրելու միջնորդություններով, սակայն մերժում էր ստացել։