Ղարաբաղյան կարգավորումը «ԵՄ-ի առաջնահերթություններից մեկն է»

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, արխիվ

Երկուշաբթի Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստից հետո Բրյուսելում համատեղ մամուլի ասուլիսում Եվրամիության պատվիրակության ղեկավար, Եվրամիությունը մինչև տարեվերջ նախագահող Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Եվրամիության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է: Մենք ողջունում ենք նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը: Ոգևորիչ է, որ նրանք համաձայնել են շարունակել բանակցությունները և առաջիկա ամիսներին նորից հանդիպում ունենալ»,- ասել է Լինկյավիչուսը:

«Եվրամիության դիրքորոշումը մնում է նույնը: Հակամարտող կողմերի միջև հիմնական բանակցողը Մինսկի խումբն է։ Մենք կփորձենք ավելին անել նրանց աջակցելու համար և օգնել փոխվստահություն կառուցել երկու կողմերի միջև»,- ասել է Լիտվայի արտգործնախարարը։

Լիտվայի արտգործնախարարը նաև խորը մտահոգություն հայտնել ագրեսիվ հռետորաբանության աճի համար՝ նշելով, որ այն սրում է լարվածությունը, խանգարում հակամարտության կարգավորման ջանքերին:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևն ասել է, որ Եվրամիության հետ համագործակցությունը Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։ Նա հայտարարել է, որ «Ադրբեջանի եվրաինտեգրման հիմնական խոչընդոտը Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ հայ-ադրբեջանական հակամարտությունն է»։

Շարունակելով նա ասել է, թե Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ոչ միայն տարածաշրջանի զարգացման վրա, այլև տարածաշրջանի սահմաններից դուրս:
Մամեդգուլիևը նշել է, թե Ադրբեջանի համար այս հարցում շատ կարևոր է Եվրամիության դիրքորոշումը։

«Իհարկե, մենք գնահատում ենք Եվրամիության աջակցությունը Մինսկի խմբի ջանքերի ակտիվացմանը, գնահատում ենք, որ Եվրամիությունը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց մենք կարծում ենք, որ աշխարհի քաղաքական ու տնտեսական գլխավոր կենտրոնը՝ Եվրամիությունը կարող է ավելի տպավորիչ, ավելի ուժեղ դեր խաղալ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում»,- Բրյուսելում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մամուլի համատեղ ասուլիսում Ղարաբաղի խնդրին չի անդրադարձել՝ կենտրոնանալով Եվրամիության-Ադրբեջան հարաբերությունների ու հեռանկարների վրա: