Նալբանդյան - Մամեդյարով հաջորդ հանդիպումը` 2014-ի սկզբին

Ուկրաինա - Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Կիևում, 4-ը դեկտեմբերի, 2013թ․

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա 2014 թվականի սկզբին:

Մի քանի ժամ առաջ Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարությամբ հանդես եկան ԵԱՀԿ-ի կիևյան նախարարական հանդիպմանը ներկա Մինսկի խմբի երեք համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Միացյալ Նահանգների` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Վիկտորիա Նուլանդը և Ֆրանսիայի եվրոպական հարցերի նախարար Տյերի Ռեպենտինը:

Համատեղ այս հայտարարությանը միացան նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, որոնց բանակցությունները, հիշեցնենք, Կիևում կազմակերպվել էին երեկ երեկոյան:

Բարձրաստիճան դիվանագետների համատեղ հայտարարության մեջ ասված է․ - «Հայտարարության հեղինակները պայմանավորվել են շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և խաղաղ լուծմանն ուղղված համատեղ աշխատանքը` որպես հիմք ընդունելով այն արդյունքները, որոնք արդեն իսկ ձեռք են բերվել: Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ 2014 թվականի սկզբին կայանալիք հանդիպումը նվիրված է լինելու բարձր մակարդակում հետագա բանակցությունների նախապատրաստմանը: Համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջերս վերսկսված բանակցությունները և հույս են հայտնում, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն կարգավորման գործընթացի հետագա առաջընթացին»:

Համանախագահ պետությունների ներկայացուցիչները նաև կոչ են անում հակամարտող կողմերին քննարկել այն գործողությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի նվազեցնել տարածաշրջանում առկա լարվածությունը:

Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների դիրքորոշման մասին կիևյան հայտարարության մեջ նշված է․ - «Նախարարները նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է, որպեսզի կարգավորման պրոցեսում որոշակի առաջընթաց արձանագրվի: Այդ գործընթացը շատ է ձգձգվել»:

Ինչ վերաբերում է նախարարների երեկ կայացած հանդիպմանը, ապա դրա ավարտին Հայաստանի արտգործանախարարությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում, մասնավորաբար, ասված է, որ Մինսկի խմբի համանախագահները առաջիկա շաբաթներին կրկին տարածաշրջանային այցով կլինեն հակամարտության գոտում: