Նախարար. Հայաստանը և ԼՂ-ն ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը

Հայաստանի հարավ-արևմուտքում տեղակայված զորամասերից մեկի հսկողության տակ գտնվող առաջնային սահմանագծում այսօր անցկացված ասուլիսի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք, թե ի վերջո, Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունների սանձազերծման դեպքում ՀԱՊԿ-ը, և մասնավորապես, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը պարտավո՞ր են միջամտել: Ի պատասխան, նախարար Օհանյանը վերահաստատեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը, և Հայաստանի Զինված ուժերն ու Ղարաբաղի Պաշտպանության բանակը միասնաբար ի զորու են պաշտպանել Ղարաբաղի անվտանգությունը:

«ՀՀ Զինված ուժերը և Արցախի Հանրապետության Զինված ուժերը այսօր ի վիճակ ի են դիմագրավել և դեռ ավելին՝ նախահարձակ լինել այն ուժերին, որոնք կան մեր հարևանների մոտ։ Եթե ոտնձգություն լինի Հայաստանի նկատմամբ, ապա մեզ հետ համագործակցող Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմական, կարծում եմ, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ հետ միասին կապահովի Հայաստանի անվտանգությունը»,- ասաց նախարարը։

Իսկ մեր այն հարցին, թե հունիսին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը ի՞նչ նոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի Զինված ուժերին, Օհանյանը պատասխանեց.- «Հնարավորություն կտա, որ մենք օգտագործելով մեր ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները, ընդլայնենք մեր կարողությունները՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր, փոխարինելի միջոցներով։ Ինչպես նաև հնարավորություն է տալիս, որ մենք զարգացնենք մեր ռազմական արդյունաբերությունը, մեր տեղական կազմակերպություններին, որոնք այդ համաձայնագրով հնարավորություն կունենան ուղղակի կապ հաստատել ՌԴ կազմակերպությունների հետ և գործարքներ կնքել, իհարկե, համաձայնեցնելով պաշտպանության նախարարության հետ»։

Մեր զարգացման նպատակը մեկն է՝ Զինված ուժեր առաջին հերթին ապահովել հատուկ նշանակության հեռահար ճշգրիտ սպառազինությամբ, ինչն ի զորու է կանխարգելել մարտական գործողությունները, հավելեց Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինտեխնիկայի շարունակվող մատակարարումներին, Սեյրան Օհանյանը նշեց.- «Այսօր մենք համապատասխան միջոցառումներ իրականացնում ենք բալանսը պահպանելու ուղղությամբ։ Կարծում եմ՝ ՀՀ և ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր ճիշտ աշխատանքներ են տանում, և դրա արդյունքը մոտ ժամանակներս, նաև հաջորդ տարվա ընթացքում կերևա։ Այն միջոցները, որոնք հատկացվելու են և Հայաստանին, և 102-րդ ռազմական բազային, համարժեք են այն միջոցներին, որոնք ունեն մեր հարևանները»։

«Рособоронэкспорт» ընկերության տեղեկացմամբ, Մոսկվայի և Բաքվի միջև կնքված համապատասխան պայմանագրով Ռուսաստանն Ադրբեջանի պատվիրած Ми-35М մարտական ուղղաթիռների մի զգալի խմբաքանակ արդեն մատակարարել է Ադրբեջանին: