Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է Հայաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծել


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 19-ը նոյեմբերի, 2013թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ, Մոսկվա, Կրեմլ, 19-ը նոյեմբերի, 2013թ․

«Ընդլայնելու ենք համագործակցությունը մեր ավանդական գործընկերների ու դաշնակիցների հետ», - Կրեմլում հայտարարել է Պուտինը:

Ռուսաստանը մտադիր է առաջիկայում Հայաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծել: Երեքշաբթի օրն այս մասին Կրեմլում հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` երկրում գործող մի շարք ուժային կառույցների բարձրագույն հրամանատարական պաշտոններում նշանակված զինվորականների հետ հանդիպման ժամանակ:

«Առաջիկայում մենք կամրապնդենք հակաօդային պաշտպանության մեր միասնական համակարգը Բելառուսի հետ, ձեռնամուխ կլինենք նմանատիպ տարածաշրջանային համակարգերի ստեղծմանը Հայաստանի և Ղազախստանի հետ: Այս համագործակցությունը զգալիորեն մեծացնում է Ռուսաստանի և գործընկեր պետությունների պաշտպանական ներուժը, նպաստում է կայունության և խաղաղության պահպանմանը ողջ եվրասիական տարածաշրջանում», - ասաց Պուտինը:

Հայաստանն արդեն իսկ ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միասնական համակարգի մասնակիցներից մեկն է: Ալմա-Աթայում 1995 թվականի փետրվարին կնքված համաձայնագիրը, սակայն, ՀՕՊ միասնական ուժերի ստեղծում չէր ենթադրում` միայն օպերատիվ տեղեկատվության փոխանակում կողմերի միջև, իսկ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի դեպքում` նաև համատեղ մարտական հերթապահության իրականացում:

Պուտինի խոսքով՝ հետխորհրդային տարածքի պետությունների հետ ռազմական համագործակցության խորացումը չի սահմանափակվի միայն հակաօդային պաշտպանությամբ:

«Հերթական քայլը կլինի տարածաշրջանային ռազմական խմբավորումների ձևավորումը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Տաջիկստանի մասնակցությամբ: Բելառուսական կողմի հետ արդեն իսկ հաջողությամբ կազմակերպել ենք «Արևմուտք 2013» անվանումը կրող ռազմավարական զորավարժությունները», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը` հատուկ նշելով, որ առաջիկա տարիներին պաշտոնական Մոսկվան ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում հիմնական շեշտը դնելու է Ռուսաստանի հետ ավանդաբար լավ հարաբերություններ ունեցող պետությունների հետ համագործակցության ամրապնդման վրա:

«Ընդլայնելու ենք համագործակցությունը մեր ավանդական գործընկերների ու դաշնակիցների հետ, նախևառաջ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Համագործակցության շանհայան կազմակերպության և ԱՊՀ-ի անդամ պետությունների հետ», - նշում էր Պուտինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG