Հայաստանի էներգետիկայի նախարարը հանդիպել է Իրանի նախագահին

Իրանի նախագահ Հասան Ռոհանի, արխիվ

Հայաստանի էներգետիկայի նախարարը Իրանի նախագահ Հասան Ռոհանիին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գրավոր ուղերձը: Այս մասին հաղորդում է Իրանի պաշտոնական Press TV հեռուստաընկերությունը:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հինգշաբթի օրը Թեհրանում հանդիպել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հետ, հանդիպմանը կողմերն արտահայտել են իրենց վճռականությունը՝ ուժեղացնելու երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ էներգետիկ և մշակութային ոլորտներում:

Ռոհանին գովաբանել է Հայաստանի հետ բարեկամական կապերը՝ ընդգծելով ապագայում երկու հարևան երկրների տնտեսական և մշակութային հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է նաև Թեհրանի ու Երևանի համատեղ ծրագրերին, հույս հայտնելով, որ այդ ծրագրերը որքան հնարավոր է արագ կիրականացվեն:

Մովսիսյանը, իր հերթին, ողջունել է երկու երկրների միջև սերտ կապերը՝ ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը և ժողովուրդը ձգտում են զարգացնել հարաբերությունները Իրանի հետ: Նա նաև հավաստիացրել է, որ Հայաստանը ջանքեր կգործադրի համատեղ ծրագրերի իրականացման խոչընդոտները վերացնելու համար:

Press TV-ն նաև հաղորդում է, որ նոյեմբերի 5-ին Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները Թեհրանում երեք համաձայնագիր են ստորագրել՝ ուղղված համատեղ հիդրոկայանի ծրագրի իրականացմանը:

Վերջին տարիներին երկու երկրները կարևոր քայլեր են կատարել երկկողմ հարաբերությունները ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում:

Անցած վեց տարիների ընթացքում Իրանը 1․5 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարել Հայաստանին՝ դրա դիմաց ստանալով էլեկտրաէներգիա:

Հիշեցնենք, որ վերջերս, երբ գրեթե ամբողջ Հայաստանի էլեկտրամատակարարումը ընդհատվել էր, էներգետիկայի նախարարությունից պարզաբանեցին, թե պատճառը Հայաստանի էներգետիկ համակարգի մեկուսացումն էր Իրանի էլեկտրահամակարգից: Իրանում էլեկտրամատակարարման վթար էր տեղի ունեցել, որը արագ տեղում վերականգնվել էր, բայց Հայաստանում նորմալ ռեժիմի գալու համար ժամեր պահանջվեցին: