Մատչելիության հղումներ

Հոսանքազրկման պատճառը Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն էր


Այսօր առավոտյան ժամը 10-ն անց 20-ի սահմաններում հոսանքազրկվել է մայրաքաղաք Երևանն ու մի շարք մարզեր։ Օրվա երկրորդ կեսին, ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց Էներգետիկայի և բնակաան պաշարների նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Հարությունյանը, բոլոր խնդիրները լուծվել են ու ամբողջությամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը:

Հարությունյանը փոխանցեց, որ նախարարի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով` պարզելու տեղի ունեցածի պատճառները:

Հոսանքազրկման պատճառը, ինչպես ավելի վաղ տարածած հաղորդագրությունում նշում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի և Իրանի էներգահամակարգերի մեկուսացումն է։

Լուսինե Հարությունյանն ավելի վաղ «Ազատության»-ը փոխանցել էր, որ ընթանում է մասնագիտական քննություն. - «Տեխնիկական խնդիր է առաջացել, մեր համակարգը ավտոմատ մեկուսացել է, անջատվել է Իրանի համակարգից»:

«Արդեն երկար ժամանակվա պատմություն ունի, դա նորություն չէ` էլեկտրաէներգիայի փոխանակումը. ամռանը տալիս ենք իրենց, ձմռանը հիմնականում վերցնում ենք իրենցից», - պարզաբանել էր խոսնակը:

Այս դեպքում կարիք է եղել Իրանից էլեկտրաէներգիա վերցնել այն պատճառով, որ սեպտեմբերի 22-ից Մեծամորի ատոմակայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, պլանային վերանորոգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների իրականացման համար: Այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին:

Որպեսզի երկրի ներսում էլեկտրաէներգիայի պակաս չլինի, այս ընթացքում Իրանից ներկրվում էր 198 մեգավատտ էլեկտրաէներգիա։

Հարությունյանի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ էլեկտրահամակարգի մեկուսացման արդյունքում համակարգում հաճախականությունը իջել էր մինչև 45 հերցի, ինչի պատճառով էլ տեղի ունեցան հոսանքազրկումները։

Հոսանքազրկման պատճառով մայրաքաղաքում կաթվածահար է եղել մետրոպոլիտենը, էլեկտրական տրանսպորտը, ինտերնետը։

Երևանում ուղևորները հայտնվել են անելանելի վիճակում՝ մնալով մութ վագոններում։ «Ազատության» հետ զրույցում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության լրատվական բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանն ասաց, որ կարճ ժամկետներում մետրոպոլիտենի վագոններում մնացած մարդկանց տարհանել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները. - «Ժամը 11-ն անց 17-ի դրությամբ բոլոր քաղաքացիները անվնաս դուրս են բերվել շարժակազմերից»:

Գրիգորյանը նշում է, որ հոսանքազրկումը արտակարգ իրավիճակի խնդիր չի առաջացրել. - «Նման խնդիր չկա: Մեզ խոստացան, որ շատ արագ վերականգնումը կիրականացվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG