Ռուսաստանը գործելու է եղած «համաձայնությունների շրջանակում»

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցում է Հետախույզի օրվան նվիրված միջոցառումներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով` Հայաստանը Ռուսաստանի հետ ունի «մեր անվտանգության ապահովման համապատասխան կարևոր համաձայնություններ, փաստաթղթեր, որի շրջանակներում էլ իրենք գործելու են»:

Օհանյանն այսօր այդպես արձագանքեց «Ազատության» հարցին, թե ինչպես պետք է պահի իրեն Ռուսաստանը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում:

Երեկ Բաքվում, հիշեցնենք, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ռուս համանախագահ Իգոր Պոպովից պարզաբանումներ էր պահանջել Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարության կապակցությամբ, թե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրման դեպքում իր ղեկավարած ստորաբաժանումը կարող է միջամտել ռազմական գործողություններին: Պոպովը չէր բացառել, որ խնդիրը ծագած լինի «թյուրիմացության արդյունքում» և խոստացել էր զբաղվել այդ հարցով:

Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած գնդակոծություններին. - «Սովորաբար այդ ոտնձգությունները, խախտումները տեղի են ունենում քաղաքական իրադարձությունների շրջանակում: Կարծում եմ, որ դրա վրա ազդել են նաև վերջին կադրային փոփոխությունները [Ադրբեջանում], կամ հրամանատարները տեղում իրենք են որոշում ընդունել և իրականացրել: Մեր հրամանատարները տեղում են և պատժելու միջոցառումներ արդեն իսկ իրականացրել են»:

Անցած ամիս, հիշեցնենք, Բերդ - Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ադրբեջանցիների կրակահերթից տուժել էին ինչպես զինվորական, այնպես էլ քաղաքացիական ավտոմեքենաներում եղած անձինք: Զոհվել էր ժամկետային զինծառայող:

Պաշտպանության նախարարն այսօր լրագրողների հարցերին պատասխանեց Արզնիում, որտեղ մասնակցում էր Հետախույզի օրվան նվիրված միջոցառումներին: