Փոխարտգործնախարարը «վիրավորական» է համարում Պուտինի խորհրդականի պնդումները

Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի փոխանցմամբ` Հայաստանը մտադիր է «ամենալուրջ» մակարդակով մասնակցել նոյեմբերի վերջին Վիլնյուսում նախատեսված Արևելյան գործընկերության գագաթնաժողովին:

Պաշտոնական Երևանը նոյեմբերի 28-29-ը կայանալիք գագաթնաժողովին մասնակցելու հրավեր ստացել է, սակայն Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության այս գործընթացում կան մեկնաբանություններ, որ Մոսկվան փորձում է խոչընդոտել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի բարձր մակարդակով մասնակցությանը.

«Մենք մտադիր ենք ամենալուրջ մակարդակով մասնակցել, հնարավորինս բարձր ներկայանալի մակարդակով», - ասաց Զոհրաբ Մնացականյանը։

Փոխարտգործնախարարը կոնկրետ չպատասխանեց «Ազատության» հարցին, թե Վիլնյուսում Հայաստանի և Եվրամիության միջև փաստաթուղթ կստորագրվի՞, թե՞ ոչ։ Իսկ հարցին, թե արդյոք Հայաստանին կբավարարի զուտ ինչ-որ հուշագրի ստորագրումը, փոխարտգործնախարարն արձագանքեց. - «Ֆորմը և բովանդակությունը միմյանց հետ փոխկապակցված են: Կարևորը, առաջնայինը բովանդակությունն է, ինչպես մենք կձևակերպենք բովանդակությունը, այն շրջանակը, որի մեջ մենք Եվրամիության հետ, մեր գործընկերների հետ շարունակում ենք աշխատել։ Դա կարտահայտվի ֆորմի մեջ, թե ինչ փաստաթուղթ կլինի»:

«Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ երկարատև և ծավալուն բանակցությունների արդյունքում կազմված տեքստն այսօր հարմարեցվում է ներկայիս իրողություններին», - Ազգային ժողովում հանձնաժողովների հետ բյուջետային այսօրվա քննարկումների ժամանակ հայտարարեց Մնացականյանը:

Նրա փոխանցմամբ` Եվրամիությունն արդեն ավարտել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի պայմանագրերի վավերացման գործընթացը: Առաջիկայում դրանք կվավերացվեն նաև Հայաստանի կողմից և ավարտի մասին ծանուցումներից մեկ ամիս անց կմտնեն ուժի մեջ։ 2014 թվականին արդեն «օրակարգը կձևավորվի».

«Մենք շարունակելու ենք աշխատել Արևելյան գործընկերության շրջանակներում, որը ամեն ինչից բացի նաև բազմակողմ պլատֆորմ է», - ասաց Մնացականյանը։

Արձագանքելով ԵՄ Ասոցացման համաձայնագրին միանալու կամ Մաքսային միությանն անդամակցելու ռիսկերին վերաբերող հարցին` փոխարտգործնախարարը նշեց, որ սպառիչ պատասխան չի կարող տալ, բայց, այնուհանդերձ, չի համարում, որ սրանք իրար բացարձակապես հակասող համակարգեր են։

Ի դեպ, նա «վիրավորական» համարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևի այն պնդումները, թե Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից չհրաժարվելու դեպքում Հայաստանը կդառնար Եվրամիության կցորդը. այս հարցը Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ուղղեց Զոհրաբ Մնացականյանին:

«Ես չեմ ուզենա արձագանքել որոշ բաների, որոնք ինձ համար նաև որոշ չափով վիրավորական են։ Հայաստանը շատ լավ թիմով է աշխատել Ասոցացման պայմանագիրը բանակցելիս», - ասաց փոխարտգործնախարարը: - «Ասոցացման պայմանագիրը դա պայմանագիր է երկու սուվերեն կողմերի միջև՝ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև. այդ երկու կողմերը բանակցել են մի մեծ համաձայնագիր, որտեղ չի արտացոլվել որևէ կերպ, որ Հայաստանն իր սուվերենությունը հանձնում է և դառնում Եվրամիության անդամ։ Նման բան չկա»։

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցերին Զոհրաբ Մնացականյանը խուսափեց պատասխանել` նշելով, որ այդ բնագավառից լավատեղյակ չէ, ինքը Եվրամիության հետ բանակցողն է։

Այնուհանդերձ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հարց ուղղեց, թե արդյոք Մաքսային միությանն անդամակցությունը չի վտանգում Ղարաբաղը։

«Անկեղծ ասած՝ բացարձակ չէի ուզի լինել Ձեր տեղում, որովհետև հիմա էլ եք դուք անորոշության մեջ, հիմա էլ եք անհեռանկար, չի երևում մեր արտաքին դոկտրինը, չի երևում մեր կողմնորոշումները, չի երևում այն, ինչին ձգտում ենք։ Մեր երկիրը արտաքին բնագավառում խարխափող մերժվածի կամ ձախողվածի կարգավիճակում է, և եթե այսօր Մաքսայինի հետ կապված սեղանին դրվում է Ղարաբաղի հարցը անգամ ամենահետադիմական Բելառուսի կողմից, Դուք եթե զգաք, որ Մաքսայինի մեջ մտնելու համար Ղարաբաղն է պայմանը, ինչպիսի՞ն կլինի Ձեր դիրքորոշումը», - հարցն այսպես ձևակերպեց Մանուկյանը։

«Իմ փորձը 22 տարվա ընթացքում ցույց է տալիս, որ ես չեմ աշխատել մի միջավայրում, որտեղ կարիք լինի հայրենասիրության մրցակցության։ Ես չեմ կարծում, որ այն մարդիկ, ում հետ ես այսօր աշխատում եմ, ունեն հայրենասիրության պակաս, կամ ունեն անտարբերություն, կամ առավել ևս՝ անպատասխանատվություն Լեռնային Ղարաբաղի հարցի համար», - պատասխանեց Զոհրաբ Մնացականյանը: - «Ես չեմ կարծում, որ ես լինեմ մի իրավիճակում անձամբ, որ նման ընտրության կարիք լինի. նման բան չի եղել 22 տարի, չի եղել անցած վեց տարիներին, և չի լինելու, վստահ եմ, ապագայում։ Այդ առումով, վստահ եմ, որ այս երկրում գոնե այս հարցում կա կոնսենսուս»։