Գործազրկության նպաստների փոշիացման համար ոչ ոք պատասխանատվություն չի կրի

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Ազատություն» ռադիոկայանը այսօր վարչապետից հետաքրքրվել է, թե ովքե՞ր են պատասխանատու գործազուրկների հատկացվող ֆինանսական միջոցների 94 տոկոսի փոշիացման համար, իրականացվե՞լ է քննություն և կպատժվի՞ արդյոք որևէ մեկը։

«Եթե կան անարդյունավետ մեխանիզմներ, որոնք փոխարինվում են արդյունավետ մեխանիզմներով, պետք է դրա մասին խոսենք, որովհետև շատ հաճախ մենք վերցրել ենք զարգացած երկրների սոցիալական ապահովվածության ինստիտուտներ ենք դրել Հայաստանում, որոնք չեն աշխատում ու չեն կարող աշխատել։ Մենք պետք է այնպիսի ինստիտուտներ ներդնենք, որ առաջին հերթին ուղղված լինեն աղքատ, սոցիալապես խոցելի խավերի պաշտպանության խնդիրը լուծելուն։ Սա այն դեպքում երբ մենք ինստիտուտներ ունեինք, որոնցից բացի սոցիալապես խոցելի խավերից օգտվում էին ֆինանսապես ապահովված խավերը։ Հիմա սոցիալական քաղաքականության ուղղվածությունն է փոխվում»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Անարդյունավետից անցում ենք կատարում արդյունավետ մեխանիզմի, ասում է վարչապետը.- «Այսինքն հարցը չպետք է դիտարկել մեղավորներ որոնելու հանգամանքով։ Խոսքը գնում է ոչ թե անհատների մասին, այլ խոսքը անարդյունավետ մեխանիզմները արդյունավետ մեխանիզմներով փոխարինելու մասին։ Այսօր էլ Հայաստանում ցավոք, դեռևս սոցիալական ոլորտում կան անարդյունավետ մեխանիզմներ, որոնք բերում են ֆինանսական միջոցների փոշիացմանը։ Մեր խնդիրն է արդիականացնել տնտեսական համակարգը»։

Վարչապետ կարծում է՝ այս պարագայում հաստատ պետք է չէ մեղավորներ փնտրել.- «Նույնն է՝ ոնց որ մեղավորներ գտնենք, եթե մենք կոմունիստական վարչական ռեժիմից անցնում ենք շուկայական ռեժիմի, հիմա ովքեր էին մեղավոր, որ հին կոմունիստական գաղափարախոսություն էր ներդրվել, որ հին մեխանիզմներ էին Հայաստանում կիրառվում, հիմա անցում է կատարվում դեպի շուկայականի»։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեմ է գործազուրկներին 18 հազար դրամ նպաստից զրկելու կառավարության որոշմանը։ Որևէ բացատրություն չի կարող լինել, թե ինչու են մարդկանց զրկում այդ նպաստից, ասում է նա։

«Ի վերջո այդ մարդիկ շատ դեպքերում մեղավոր չեն, որ աշխատանք չեն կարողանում գտնել, իսկապես շատ դժվար է աշխատանք գտնել։ Այս իրականությունից ելնելով մարդկանց գոնե այդ չնչի գումարից զրկելը նշանակում է պարզապես արհամարհել մարդկանց»,- ասում է Խաչատրյանը։

Ըստ տնտեսագետի, գործազրկության նպաստը լրացուցիչ բեռ էր լինելու նաև բյուջերի համար։

«Իսկ բյուջեն այսօր շատ սահմանափակ հնարավորություններ ունի։ Քանի որ մեր պարտքը գերազանցում է համախառն ներքին արդյունքի 30 տոկոսը, այդ դեպքում արդեն բյուջեի ծախսի սահմանափակումներ են մտնում՝ համաձայն «Պետական պարտքի մասին» օրենքի։ Միգուցե նաև սրանով է պայմանավորված, որ այդ մեկ միլիարդից ավելի գումարի կարիք կար, որտեղ նրանք տնտեսումը գտել են այստեղ»,- նշում է Խաչատրյանը։

Եթե վարչապետն ասում է՝ պետք չէ մեղավորներ փնտրել գործազուրկների նպաստներին ուղղված ֆինանսական միջոցների 94 տոկոսի փոշիացման համար, ապա մեղավոր են իր կառավարությունն ու պատասխանատուները, ասում է Վահագն Խաչատրյանը։

Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ չեն պատրաստվում վարչապետի հայտարարությունն ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին։
«Երբ հաղորդումը կլինի համաձայն օրենսգրքի պահանջների, դատախազությունը և ցանկացած իրավապահ մարմին ընթացք կտա տվյալ հաղորդմանը՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնելու դեպքում»,- փոխանցեց դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը։
Դիտարկմանը, թե ԶԼՄ-ում հրապարակված նյութերը ևս կարող են որպես հանցագործության մասին հաղորդում ընդունել, Տոնոյանը արձագանքեց.- «Դատախազությունը կարող է ընդունել այն դեպքում, երբ դա լրատվամիջոցի սեփական հետաքննության, ուսումնասիրության, վերլուծության արդյունքում պարզված նյութեր են և ոչ թե հղումներ են այս կամ աղբյուրին, պետական մարմնին կամ պաշտոնյային»։

Նկատենք, որ այս տարվա բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղված ավելի քան 303 միլիարդ դրամից գործազրկության նպաստներին ուղղվել է 3 միլիարդ, 300 միլիոն դրամ, որից, ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված ինտերակտիվ բյուջեի, ծախսվել է մոտ 1.5 միլիարդը։ Ըստ վարչապետի՝ փոշիացվել է հենց այդ 1.5 միլիարդի 94 տոկոսը։