Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Գործազրկության նպաստները «ստացել են սոցիալապես ապահով մարդիկ»


Վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօր խորհրդարանում ներկայացնելով 2014 թվականի բյուջեի նախագիծը, ուշագրավ հայտարարություն արեց, թե՝ գործազուրկներին տրվող նպաստների 94 տոկոսը փոշիացվել է, իրականում այդ գումարները ստացել են սոցիալապես ապահով մարդիկ:

Վարչապետը նշեց, թե գործազուրկներին 18 հազար դրամ նպաստ տալու համակարգը արդյունավետ չէ աղքատ երկրի համար, հետևաբար 2014 թվականի բյուջեի նախագծով առաջարկվում է նոր մոտեցում՝ այդ ֆինանսական միջոցներն ուղղել նոր աշխատատեղերի ստեղծմանը:

«94 տոկոսը ֆինանսական միջոցների, որոնք հատկացվում էին այդ համակարգի միջոցով, չէին հասնում շահառուին, այսինքն՝ այն մարդուն, որը աշխատանք է որոնում: Այս վերջին տարիների փորձի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այս 18 հազար դրամանոց նպաստները ստանում էին սոցիալապես ապահով մարդիկ»,- հայտարարեց Տիգրան Սարգսյանը:

Ոչ իշխանական պատգամավորները տարակուսած են վարչապետի այս հայտարարությունից: Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը մասնավորապես, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց, որ այն, ինչ այսօր ասել է վարչապետը, պարզապես հաղորդում է հանցագործության մասին, քանի որ եթե անձը իսկապես խաբել է պետական մարմնին և փաստաթղթերի կեղծմամբ կամ կոռուպցիոն ճանապարհով ստացել է գործազուրկի կարգավիճակ, ապա դա քրեական հանցագործություն է։

Մինասյանը, սակայն, թերահավատորեն է վերաբերում վարչապետի հայտարարությանը․ - «Ինձ թվում է նախ՝ դա իրականությանը չի համապատասխանում: Ասվում է այս հիմնավորումը, որպեսզի արդարացվի գործազրկության նպաստի կրճատման քաղաքականությունը: Այն դեպքում, երբ եվրոպական երկրներում գործազրկության նպաստը կա, պահպանվում է: Ավելին ասեմ՝ Ռուսաստանի Դաշնությունում կամ Մաքսային միության որևէ երկրում նման բան չկա»:

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նույնպես տարօրինակ է համարում վարչապետի հայտարարությունը և հետևյալ հարցադրումն է անում՝ ո՞վ էր խանգարում Կառավարությանն այնպես անել, որպեսզի 18 հազար դրամ գործազրկության նպաստը տեղ հասներ․ - «Հստակ հասցեականություն ապահովեիք, որպեսզի այդ գործազրկության նպաստից օգտվեին իրապես նրանք, ովքեր դրա կարիքը ունեին»:

2014 թվականի բյուջեի նախագիծը, ըստ վարչապետի, մեկ այլ առանձնահատկությունն էլ ունի․ մասնավորապես, Կառավարությունը չի ավելացնելու վարչարարության բեռը: Կառավարությունը խոստովանում է՝ 2013-ին այն բացասական ազդեցություն է թողել բիզնեսի վրա:

Վարչապետի փոխանցմամբ՝ չեն ավելանալու նաև հարկերը՝ փոխարենը Կառավարությունը պատրաստվում է հարկային ստուգումներ իրականացնել բիզնեսի ռիսկային ոլորտներում:

Նաիրա Զոհրաբյանը անհանգստացած է, որ Կառավարության այս նոր որոշումը իշխանություններին սուբյեկտիվ քայլերի հնարավորություն է տալու․ - «Այդ ռիսկային ոլորտներ հասկացությունը մենք ի՞նչ իմանանք, այդտեղ քաղաքական կոմպոնենտ լինելո՞ւ է, թե՞ չէ: Ռիսկային արդյո՞ք ճանաչվելու են այն ոլորտները, որոնք չեն մտնի Կառավարության համար, այսպես ասենք՝ հաճելի, ընդունելի տնտեսվարողների շարքում»:

Արծվիկ Մինասյանը նույնպես սուբյեկտիվ քայլերի վտանգ է տեսնում: Մասնավորապես, պատգամավորը մատնանշում է Կառավարության այն որոշումը, որի համաձայն Պետական եկամուտների կոմիտեին իրավունք է տրվում իր ցանկությամբ որևէ ձեռնարկություն ընդգրկել ստուգումների ենթակա կազմակերպությունների ցանկում:

Նշենք, որ 2014 թվականի բյուջեի նախագծով Կառավարությունը կանխատեսում է 5.2 տոկոս տնտեսական աճ՝ ավելի քիչ, քան 2013-ին: Սակայն, Արծվիկ Մինսայանի փոխանցմամբ, վարչապետը ընդգծել է, որ այդ 5.2 տոկոսն էլ չի լինելու, ինչը բացատրվում է արտաքին գործոններով, տվյալ դեպքում՝ գործընկեր երկրների տնտեսական վիճակով:

«Հարգարժան վարչապետը ասում է՝ գործընկեր երկրներում տնտեսական անկում է լինելու, բայց, մյուս կողմից, խոսում է, որ տրանսֆերտները աճել են և շարունակում են աճել: Այն դեպքում, երբ ուղիղ կապ կա տվյալ երկրներում տնտեսական աճի և տրանսֆերտների միջև: Այստեղ կա հակասություն, և այդ հակասության պատասխանը դեռևս չենք լսել», - նշեց Մինասյանը:

Ի դեպ նկատենք, որ վարչապետը այս տարվա տնտեսական աճի նվազումը նույնպես բացատրեց արտաքին գործոններով:

Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, համոզված է, որ Կառավարությունը իր ձախողումը, իր տապալումը վերագրում է «արտաքին ռիսկերին»:

Գագիկ Ծառուկյանի ղեկավարած կուսակցության անդամը նաև հիշեցնում է նախագահ Սերժ Սարգսյանի այս գարնանը արած հայտարարությունը․ - «Այն Կառավարությունը, որը չի կատարի խոստումը՝ ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, չի պաշտոնավարելու: Հիմա, ինչպես ասում են՝ «նո քոմենթ» հարց, որը մնում է օդում»:
XS
SM
MD
LG