Մերկելը անհանգստություն է հայտնել Օբամային

Անգելա Մերկելը Բեռլինում ողջունում է Բարաք Օբամային, 19-ը հունիսի, 2013թ․

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը անհանգստություն է հայտնել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որ ամերիկյան հատուկ ծառայությունները հնարավոր է գաղտնալսում են նաև իր հեռախոսազրույցները:

Կանցլերի գրասենյակի փոխանցմամբ, երեկ խոսելով Օբամայի հետ՝ Մերկելը հասկացրել է, որ եթե դա հաստատվի, ապա լրջորեն կանդրադառնա ԱՄՆ-ի նկատմամբ Գերմանիայի վստահության վրա:

Սպիտակ տունն էլ հայտնում է, որ Օբաման վստահեցրել է Մերկելին, թե ամերիկյան հատուկ ծառայությունները չեն գաղտնալսում նրա հեռախոսային խոսակցությունները:

Հիշեցնենք, ֆրանսիական մամուլը գրել էր, որ ԱՄՆ-ի հետախուզությունը միլիոնավոր հեռախոսազրույցներ է գաղտնալսել Ֆրանսիայի տարածքում, սակայն Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավարը հերքել է ֆրանսիական մամուլի հրապարակումները: