ԵՄ-ն մտադիր չէ նախաձեռնել Ասոցացման համաձայնագրի վերաշարադրումը

Your browser doesn’t support HTML5

Եվրամիության Արևելյան հարևանության ծրագրի գլխավոր բանագնաց Գունար Վիգանդն այսօր Երևանում հայտարարեց, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացրել են Հայաստանի իշխանությունները, ուստի նրանց հայեցողությանն է մնում՝ փորձել Ասոցացման համաձայնագիրը համապատասխանեցնել ստեղծված նոր իրավիճակին:
«Մենք երեքուկես տարի շատ հիանալի համագործակցություն ենք ունեցել ձեր իշխանությունների հետ, կա պատրաստի փաստաթուղթ և մենք Վիլնյուսից հետո պետք է ուշադրությամբ դիտարկենք, թե այս համաձայնագրերի ո՞ր մասերը կարող են հիմք դառնալ հետագա հարաբերությունների համար: Այլևս չենք կարող առաջ գնալ բանակցված խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրով՝ Հայաստանի Մաքսային Միությանն անդամակցելու որոշումից հետո», - նշեց դիվանագետը:

Մինչդեռ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հույս է հայտնում, որ այնուամենայնիվ Երևանին կհաջողվի որևէ փաստաթուղթ ստորագրել Վիլնյուսի գագաթաժողովում: Նախարարը չմանրամասնեց խոսքը ի՞նչ ձևաչափի մասին է՝ Ասոցացման համաձայնագրի՞, թե՞ որևէ քաղաքական հայտարարության:

«Մենք գործընկերների հետ այն հատվածները, որոնք հասել ենք, այն բարեփոխումները, որոնք իրականացվել են Եվրամիության աջակցությամբ, այդ բազայի վրա ստեղծվելու է այն փաստաթուղթը, որը նախագծելու է մեր ապագա գործունեության և համագործակցության շրջանակը», - նշեց նա:

Վահրամ Ավանեսյանն ու Գունար Վիգանդը այսօր մասնակցում էին Հայաստան-Եվրամիություն համագործակցության կոմիտեի հերթական նիստին: Եվրոպացի դիվանագետը շեշտում էր, որ Բրյուսելը հավատարիմ է Հայաստանի հետ սերտ հարաբերություններին և պատրաստ է աջակցել այստեղ իրականացվող բարեփոխումների ջանքերին, սակայն դրա հիմքում այսուհետև պետք է հաշվի առնվի Հայաստանի որոշումը՝ միանալ Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

«Շատ յուրահատուկ շրջան է՝ Վիյնուսի գագաթնաժողովից շաբաթներ առաջ, և մենք պետք է ուշադրությամբ ուսումնասիրենք հնարավորությունները, թե ինչպես կարող ենք օգտագործել համաձայնագրերի այն մասերը, որոնք արդեն բանակցել ենք՝ հաշվի առնելով այն որոշումը, որ կայացվել է Հայաստանի կողմից Մաքսային Միությանն անդամակցելու վերաբերյալ։ Մենք կդիտարկենք բոլոր այս ոլորտները, սա այսօրվա քննարկման հարց չէ, սա պետք է արվի Վիլնյուսից հետո՝ հաշվի նստելով բոլոր մանրամասների հետ։ Մենք հավատարիմ ենք Հայաստանի հետ սերտ համագործակցությանը, ուզում ենք լիովին պահպանել կապերը և աջակցել բարեփոխումներին», - ասում էր Գունար Վիգանդը: