Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք էր հրավիրել, 12-ը հոկտեմբերի, 2013

Ադրբեջանական ընդդիմությունը շաբաթ օրը առաջին ետընտրական հանրահավաք է անցկացրել՝ բողոքելով Իլհամ Ալիևի՝ նախագահի պաշտոնում երրորդ անգամ վերընտրվելու դեմ։

Բաքվի մարզադաշտերից մեկում անցկացված բողոքի ակցիան կազմակերպել էր Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը։ Իշխանություններն արտոնել էին հանրահավաքը։ Համաձայն ոստիկանության տվյալների՝ հանրահավաքին մասնացել է մոտ 1500 մարդ, մինդեռ կազմակերպիչներն ասում են՝ մասնակիցների թիվը հասնում էր 15 հազարի։

«Իշխանությունները գողացան ժողովրդի քվեն, այն, ինչ տեղի ունեցավ իշխանության բռնազավթում էր»,- իր աջակիցներին ասել է ընդդիմության առաջնորդ Ջամիլ Հասանլին։

Ոստիկանությունը հանրահավաքի ավարտին կարճ ժամանակով բերման է ենթարկել տասը ակտիվիստի։ Ակտիվիստները հակակառավարական կոչեր էին հնչեցրել։

Կիրակի տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Ալիևը ստացել էր ձայների 85 տոկոսը, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին՝ մոտ 6 տոկոսը։

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, գնահատելով հոկտեմբերի 9-ի ընտրությունները, հայտարարել էր, թե դրանք ուղեկցվել են մարդու հիմնարար իրավունքների մի շարք խախտումներով, հավաքների և խոսքի ազատությունը ոտնահարվել է, թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովվել, միջամտություն է կատարվել ընտրական գործընթացում, նախընտրական քարոզարշավը խաթարվել է որոշ թեկնածուների նկատմամբ առաջադրված մեղադրանքերով և ընտրողների ահաբեկումներով: