Խոտի դեզի գործով բոլոր մեղադրյալները հերքում են մեղադրանքը

Your browser doesn’t support HTML5

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հարցաքննեց խոտի դեզի գործով բոլոր մեղադրյալներին:

Խուլիգանության ու ուրիշի գույքը վնասելու մեջ մեղադրվող չորս երիտասարդներն էլ միաբերան պնդում են՝ մեղադրանքը շինծու է ծայրից ծայր, խոտ այրելու մասին առաջին անգամ ոստիկաններից են իմացել:

Հացադուլ անող Արամ Մուղալյանը դատարանին հիշեցրեց՝ Քեմբրիջն է ավարտել, բազմաթիվ օլիմպիադաներում հաղթել: 25-ամյա Արամը պատմեց, որ Նորապատում երբևե չի եղել, տուժող ազգությամբ եզդի Սիաբանդ Խուդոյանին էլ չի ճանաչում։

«Ավտոմեքենաս կանգնեցրել եմ, իջա մի մութ տեղ ճանապարհի վրա շատ կարճ ժամանակով, դուրս եկա բնական կարիքներս հոգալու, գալուց բեռնախցիկը բացեցի, ես էնտեղ զուգարանի թուղթ ունեմ, վերցրեցի, ձեռքերս սրբեցի, նստեցի, բեռնախցիկը փակեցի, նստեցի ավտոմեքենան... իմ բեռնախցիկում ես բենզին չեմ պահել, ուրիշ ասելու բան չունեմ, ու քանի որ գտնում եմ, որ դատախազությունը ինձ կեղծ մեղադրանք է առաջադրել, չեմ ցանկանում դատախազության և դատարանի հարցերին պատասխանեl»,- հայտարարեց Մուղալյանը։

Պետական մեղադրողի հարցերին հրաժարվեց պատասխանել նաև Մուղալյանի մտերիմ ընկերը՝ Ռոբերտ Փիլոյանը: Արմավիրի մարզ երկու այցելությունների ժամանակ նա Արամին ուղեկցել է. Ռոբերտի պատմելով՝ առաջին անգամ եղել են Սարդարապատի հուշահամալիրում, լուսանկարվել, երկրորդ անգամ էլ պարզապես պտտվել են: Կարիքները հոգալու համար ամայի տարածքում են կայանել, այնտեղ կենդանի շունչ չկար, կրկնում էր ամբաստանյալը։

«Խոտի դեզի մասին կյանքում չէի լսել, լսեցի միայն ոստիկանության բաժնում»,- ասաց Փիլոյանը։

Դատավորի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ եք հենց դուք հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում, Ռոբերտը խորհուրդ տվեց դատախազին հարցնել:

Երիտասարդներից Գագիկ Առաքելյանը միայն մեկ անգամ է Արամի մեքենայով Արմավիրում եղել, միայն հիշում է, որ բարձր երաժշտություն էին լսում, վստահեցնում էր, որ կարճատև կանգառի ժամանակը ինքը նույնիսկ մեքենայից չի իջել։

«Իմանայի սենց է, օդ էլ չէի շնչի, կես տարի է նստած եմ, չգիտեմ ինչի համար, ինձ մոտ արդեն նենց տպավորություն է, որ մարշուտնի նստեմ, պարոն դատավոր, հանկարծ մարշուտնու շոֆերը իջնի խանութ, պետք է հետը իջնեմ պարտադիր, որովհետև կարող է մի բան անի, իրա հետ ես էլ գամ, նստեմ»,- հեգնեց Առաքելյանը։

Երիտասարդները դատարանին պատմում էին, որ մեքենայով ճամփորդել սիրում են, միայն Արմավիրի մարզում չէ, որ եղել են: Չորրորդ մեղադրյալը՝ առողջական խնդիրների պատճառով ազատության մեջ գտնվող Արթուր Քլյանը, վկայակոչելով իր հոգեվիճակը, հրաժարվեց խոսել, միայն վերահաստատեց՝ չի ընդունում մեղադրանքը:

Շուրջ կես տարի ճաղերի հետևում հայտնված երիտասարդների փաստաբանները այսօր խափանման միջոցը փոխելու նոր միջնորդություն չարեցին, նախորդ անգամ դատարանը մերժել էր։ Փաստաբան Մկրտիչ Դավթյանը հույս ունի որ դատարանը կբավարարի իրենց մյուս միջնորդությունները, որոնցով պնդում են, թե նախաքննությունն ամբողջությամբ ապօրինի է անցել: Եթե դատարանի հաշվի նստի այս կարծիքի հետ, խափանման միջոցի հարցը ինքնին կլուծվի։

«Հարուցվել է քրեական գործը, հաղորդում է տրվել, որ իբր բացահայտվել է, դրանից հետո չեն ցանկացել ետ կանգնել իրենց կատարած սխալից, և ինչպես ընդունված է պրակտիկայում՝ «մենք կուղարկենք դատարան, թող դատարանը որոշի» սկզբունքն է գործել»,- ասաց փաստաբանը։

Պաշտպանների միջնորդությանը դատարանը կարձագանքի հաջորդ նիստին՝ երկուշաբթի: Արամ Մուղալյանի մայրը հույս ունի, որ ավելի բարձր ատյաններից արձագանք կլինի։

«Թեկուզ նոր գլխավոր դատախազը վերջ դնի այս ամեն ինչին, որովհետև ակնհայտ է, որ Արամը պիտի արդարացվի, ինչո՞ւ վերջ չեն տալիս այս ամեն ինչին, չգիտեմ, մենք մինչև վերջ գնալու ենք»,- ասաց մայրը։