«Վաղը յուրաքանչյուր թոշակառու ինքն է հոգալու իր ծերության մասին»

Your browser doesn’t support HTML5

93-ամյա Հովիկ պապն ընդամենը երեք տարի առաջ է թողել աշխատանքը ու հենց այդ օրվանից էլ սկսել է իրեն թույլ ու վատառողջ զգալ։ Ասում է՝ էլի կաշխատեր, եթե օրենքով չարգելեին։
Խոսելով վերջին աշխատանքային տարիների խնայողություններից` Հովիկ պապը հպարտությամբ նշում է, որ կարողացել է 5 ծոռներից յուրաքանչյուրի համար բանկում 100 000 գումար կուտակել։

Նա պատմում է, որ ողջ կյանքում տքնաջան աշխատել ու միշտ էլ զավակներին սատարել է, ապրած կյանքից դժգոհ չէ, նշում է, որ երջանիկ է իր զավակներով, թոռներով ու ծոռներով և այսօր վայելում է նրանց աջակցությունը, սակայն ցավում ու զայրանում է, որ խորը ծերության օրոք իրեն իր երկրում ապահով չի զգում։

«20 հազար մանեթն ի՞նչ է, երկու հատ Իսահակյան։ Բազար ես գնում վերանում է էդ փողը, որովհետև թանկ է։ Ապրուստը հիմա շատ դժվար է։ Հաց ունենալը մենակ չի նշանակում, որ ուրիշ բան պետք չէ, այն ինչ որ ստեղծված է մարդու համար, բոլորին է պետք», - նշեց Հովիկ պապը։

93-ամյա Հովիկ պապը Հայաստանում ապրող ավելի քան 364 հազար թոշակառուներից մեկն : Այսօր թոշակառուների միջազգային օրն է: Ուսումասիրությունները փաստում են, որ տարեցների թիվը Հայաստանում գնալով ավելանում է՝ երկիրը կանգնեցնելով ժողովրդագրական լուրջ խնդրի առջև։

Միջազգային հաշվարկներով, եթե բնակչության 13 տոկոսից ավելին 60 տարեկանից բարձր է, երկիրը համարվում է ծերացած։ Հայաստանն արդեն հասել ու անցել է այդ ցուցանիշը, ավելին` միջազգային կանխատեսումներով 2050 թվականին 60-ն անց կլինի Հայաստանի բնակչության գրեթե մեկ երրորդը։ Պատճառները, ըստ փորձագետների, հիմնականում երկուսն են՝ ծնելիության անկումն ու արտագաղթը։

«Այս գործընթացն ազդում է կյանքի բոլոր ասպեկտների վրա` սկսած տնտեսությունից, կրթությունից և սոցիալական մնացած բոլոր իրողություններից։ Անկում է ապրում ներքին պահանջարկը, աշխատավարձերի չափն է ավելանում, որովհետև աշխատուժի պակաս է զգացվում։ Երկիրը դառնում է անմրցունակ», - նշեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։

Այսօր Հայաստանում միջին կենսաթոշակը 31-32 հազար դրամ է: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը նշում է, որ իսկապես գումարի չափը բավարար չէ, և այդ գումարը լրացնում են սոցիալական, բարեգործական ծրագրերով։

Կառավարությունն առաջարկում է մյուս տարվանից մոտ 15 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները և նվազագույն չափը սահմանել 18.200 դրամ: Ընդ որում, փորձագետները փաստում են, որ տարիներ անց պետական գանձարանի համար ավելի մեծ խնդիր է դառնալու թոշակների վճարումն ու տարեցներին ապահովելը և յուրաքանչյուր թոշակառու ինքն է հոգալու իր ծերության մասին։

«Երբ, որ մենք 80-ական թվականներին ունեինք 7 աշխատող, որոնք հոգ էին տանում մեկ չաշխատողի կամ թոշակառուի համար, արդեն գնաց պատմության գիրկը։ Այսօր Հայաստանի աջակցության գործակիցը գրեթե 2 անգամ պակասել է, 2050 թվականին, երբ դուք կմոտենաք ձեր կենսաթոշակային տարիքին, ապա մեկ աշխատողը հոգ կտանի մեկ թոշակառույի կամ չաշխատողի մասին։ Սա նշանակում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից, երբ նոր կենսաթոշակային համակարգը կմտնի ուժի մեջ՝ պարտադիր կոտակային, դա պետք է օգտագործել և դուք ձեր ծերության մասին հոգաք», - նշեց Գարիկ Հայրապետյանը։