Մեկնարկում է Սիրիայում քիմիական զենքի պաշարների ուսումնասիրությունը

Քիմիական զենքի հետ կապված ուսումնասիրություններ Սիրիայում, սեպտեմբեր, 2013թ․

Երեքշաբթի օրը Դամասկոս են ժամանելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները, նրանց նպատակն է ուսումնասիրել Սիրիայում պահվող քիմիական զենքի պաշարները:

Փորձագետներին տրվել է 30 օր ժամանակ, ինչից հետո նրանք պետք է ներկայացնեն իրենց զեկույցը:

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը շաբաթ օրը հատուկ նիստ էր հրավիրել և հաստատել Սիրիայի քիմիական զենքը մինչև 2014 թվականի կեսերը վերացնելու ծրագիրը: Այնուհետև ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արդեն այդ ծրագիրը հաստատելով` իրավական ուժ է տվել դրան:

Երեկ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ է ունեցել Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմը, ով ևս մեկ անգամ վերահաստատել է, որ իր երկիրը պատրաստ է ամբողջությամբ հետևել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային և կկատարի իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Այն, որ Սիրիան պատրաստ է հանձնել քիմիական զենքը, հայտարարել է նաև երկրի նախագահ Բաշար Ասադը իտալական լրատվական հեռուստաալիքին կիրակի օրը տված հարցազրույցում, սակայն նա հավելել է, որ քիմիական զենքը ոչնչացնելու որոշումը իրենց կամքն է, այլ ոչ թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը:

«Մենք միացել ենք քիմիական զենքի օգտագործումն ու ձեռքբերումն արգելող համաձայնագրին այս բանաձևի ընդունումից առաջ: Ռուսական նախաձեռնության հիմնական մասը հիմնաված էր մեր ցանկության վրա` վերացնել քիմիական զենքը: Այսպիսով` իրականում բանաձևը չէ հարցը, այլ՝ մեր կամքը: Իհարկե, մենք ունենք ցանկություն, քանի որ 2003 թվականին դեռ առաջարկել էինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ Մերձավոր Արևելքում պետք է ստեղծել քիմիական զենքից ազատ գոտի», - հայտարարել է Սիրիայի նախագահը:

Մինչ Դամասկոսում պատրաստվում է իր աշխատանքը սկսել Քիմիական զենքի արգելման կազմակերպության խումբը, երեկ Սիրիայում իրենց առաքելությունը ավարտել են քիմիական զենքի գծով ՄԱԿ-ի փորձագետները, որոնք այդ երկրում սեպտեմբերի 25-ից ուսումնասիրում էին ենթադրաբար քիմիական զենքի կիրառմամբ յոթ միջադեպերը:

ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը կհրապարակվի հավանաբար հոկտեմբերի կեսերին: Սա նրանց երկրորդ այցն է Սիրիա, առաջին այցի ընթացքում փորձագետները ուսումնասիրել էին Դամասկոսի մերձակա Ղութա բնակավայրը և եզրակացրել, որ օգոստոսի 21-ին այդտեղ զարին նյարդապարալիտիկ գազ է կիրառվել, ինչի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ:

ՄԱԿ-ի փորձագետները, սակայն, լիազորված չէին իրենց զեկույցում նշել, թե սիրիական հակամարտության որ կողմն է քիմիական գրոհի հեղինակը: