«Ժառանգություն»․ Երեկվա ընտրությունները՝ անազատ և անարդար

«Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար», - ասված է «Ժառանգություն» կուսակցության այսօր տարածած հայտարարությունում:

«Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով», - հայտարարում է ընդդիմադիր կուսակցությունը:

«Մտնելով այս ընտրապայքարի մեջ, «Ժառանգություն»-ը քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին», - ասված է հայտարարությունում:

«Ժառանգություն»-ը հայտնում է, որ երեկվա ընտրություններում իր թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը: