Մատչելիության հղումներ

Սյունիքի պատգամավորի ընդդիմադիր թեկնածուն կաշառքի մասին հաղորդում է տվել


Տեսարան Սյունիքի մարզկենտրոն Կապանից
Տեսարան Սյունիքի մարզկենտրոն Կապանից

Թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի լրացուցիչ ընտրությունները աչքի չընկան ակտիվությամբ։

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններին ժամը 18-ի դրությամբ մասնակցել էր ընտրողների կեսից քիչ թվով մարդ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ վերջին տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 21 հազարից ավելի մարդ:

Թիվ 38/3 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ, բժշկուհի Ռուզաննա Փարսադանյանի գնահատմամբ՝ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրությունները պասիվ են։

Ի դեպ, այս տեղամասի մոտ նկատեցինք կուտակումներ: Մեր այցելած մի շարք ընտրատեղամասերից որևէ մեկում չկային դիտորդներ: Քիչ չեն ընտրատեղամասերը, որտեղ ընդհանրապես վստահված անձ չկար: Որոշ ընտրատեղամասերում միանգամից երկու վստահված անձ ուներ իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն։ Որոշ ընտրատեղամասերում ընդդիմադիր «Ժառանգություն»-ը ընդհանրապես վստահված անձ չուներ։

Թիվ 38 ընտրատարածքի «Ժառանգության» թեկնածուն՝ Սամվել Հայրապետյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ընտրակաշառք է բաժանվել։ «Արդեն երեկվանից սկսված է փող բաժանելը, նույնիսկ թաղ առ թաղ բոլորը գիտենք, ուղղակի փաստեր չունենք, ասենք, նկարահանած կամ փաստացի չունենք։ Այսօր գիշերօթիկ դպրոցի մոտ սկսել էին փող բաժանելը, գալիս էին բարև էին տալիս՝ 5-հազարանոցը ձեռքին էր, վերցնում դնում էր գրպանը՝ գնում ընտրությունների», - փոխանցեց Հայրապետյանը՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի նշելով, որ անձամբ դա չի տեսել. - «Երկու-երեք կին բնակիչ է եկել այստեղ, բողոքել իմ մոտ»։

Նա հայտնեց, որ հաղորդում է տվել ոստիկանություն. - «Դիմել եմ ոստիկանություն, որ՝ առաջը առեք։ Դե պարզ է՝ ոստիկանության վրա հույս չկա, եթե անող էին՝ մինչև հիմա պիտի անեին»:

«Այս պահին ի՞նչ եք մտածում, հույս ունե՞ք, որ կդառնաք պատգամավոր», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին ընդդիմադիր թեկնածուն արձագանքեց. - «Նայած ինչքան փող են բաժանել, եթե շատ-շատ են բաժանել, պարզ է, որ... Այսինքն՝ մի հույս էլ կա, որ կարող է վերցրած լինեն՝ ձայնը ինձ տան, դա էլ կա»։

Հանրապետական կուսակցության թեկնածու, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր դիրքորոշումը հայտնեց. - «Երբ արդեն հակառակորդը զգում է, որ պարտության հոտը գալիս է, սկսում էր այդպիսի հերյուրանքներ տարածել։ Դա առաջինը չէ՝ ես ընդամենը այս վերջին 15 տարվա մեջ միշտ էլ մենք ընտրությունները տեսել ենք, հակառակ թիմը միշտ իրեն արդարացնելու համար, որ ինչի է պարտվում, այդպիսի հերյուրանքներ է սկսում տարածել՝ ընտրակաշառքներ են բաժանում։ Այ, եթե բաժանում են, կարո՞ղ է ինքը գոնե մի դեպք ներկայացնի, որ այսինչ մարդը այսինչին ընտրակաշառք է տվել»։

«Դա ընդամենը հերյուրանքներ են, չկա այդպիսի բան։ Մեր ժողովուրդը, ընդհանրապես, սյունեցիները, միշտ ճիշտ են կողմնորոշվում, եթե կողմ են քվեարկում՝ կողմ են քվեարկում, անկախ որևէ բանից», - շարունակեց Կարապետյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով՝ ինքը և մյուս թեկնածուն հավասա՞ր հնարավորություններ ունեն, հաշվի առնելով, մասնավորապես, որ այս տարածաշրջանում մեծ մասը հանրապետական համայնքապետեր են, պատգամավոր թեկնածուն արձագանքեց. - «Ես չեմ տեսնի, որ դա հավասար են, իհարկե՝ պատճառները կան, հիմքերը կան. ես աշխատել եմ քաղաքապետ, այսօր իմ շուրջը հավաքվել են իմ նախկին կոլեգաները, այսինքն՝ ինչքան գյուղապետեր կան, նրանք բավականին ուրախացել են, որ ես իմ թեկնածությունը առաջադրել եմ, քաղաքապետերը ուրախացել են, որ ես իմ թեկնածությունը առաջադրել եմ։ Ասեմ ինչի համար՝ որովհետև ես Ազգային ժողովում կխոսեմ իրենց լեզվով, ես Ազգային ժողովում գիտեմ արդեն, գյուղապետերը գիտեն՝ ես ո՛ր խնդիրներին ավելի շատ կառնչվեմ»։

Ի դեպ, մի շարք համայնքապետեր, որոնք Հանրապետական կուսակցությունից են, նախապես են հայտարարում ընտրությունների արդյունքների մասին: Նրանք վստահ են, որ իրենց կուսակիցն է դառնալու պատգամավոր։

Այս ընտրությունների վրա Սյունիքի նախկին մարզպետ, Հանրապետականի մարզային խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանի ազդեցության վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին Արմեն Կարապետյանը պատասխանեց. - «Սուրիկ Խաչատրյանը Երևանում է, և այս քարոզաշավի ժամանակ այս ամբողջ աշխատանքը իր վրա է վերցրել [Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն] Մաքսիմ Հակոբյանը։ [Սուրիկ Խաչատրյանի] մասնակցությունը այնքանով է եղել, ինչքանով որ ինքը, ասենք Երևանում է՝ Երևանից։ Այս օրերին մենք չենք հանդիպել»։

«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել վարչական ռեսուրսի գործադրման մասին:

Ի դեպ, այս պահի դրությամբ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացվել է մեկ բողոք։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, երեկ ինքը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել դիմում-բողոք, նշելով, որ սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի Դաշնության անվտանգության ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգություն» կուսակցության քարոզչական խմբի գործունեությունը թիվ 38 ընտրատարածքում։

Փոստանջյանը ներկայացրել է միջադեպի մանրամասները և նշել․ - «Այս միջադեպը, որպես Ռուսաստանի Դաշնության ուժային կառույցի միջամտություն Հայաստանի Հանրապետության նախընտրական գործընթացներին, ստեղծել է անհավասար պայմաններ՝ որոշակիորեն նպաստելով տարածաշրջանում վախի սփռմանը և ընդդիմադիր տրամադրված ընտրողների շրջանում ապատիայի տարածմանը, ինչը կբերի նրանց ցածր մասնակցությանը ընտրությանը»։

Ժամը 20-ին ավարտվեց քվեարկությունը: Մի քանի ժամից պարզ կլինեն նախնական արդյունքները:

Ժամը 20:45 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի փոխանցած տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 25 հազար 338 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 50.3 տոկոսը։ 76 ընտրատեղամաս ունեցող թիվ 38 ընտրատարածքում ընտրողների թիվը, ըստ ընտրատարածքային հանձնաժողովի՝ ավելի վաղ տրամադրած տվյալների, շուրջ 49 հազար էր, սակայն քվեարկության ավարտից հետո նույն հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալներով 50 հազար 370 է։

Թիվ 38 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ նշանակվեցին, երբ Գորիսի իր առանձնատան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների կապակցությամբ Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տվեց Սուրիկ Խաչատրյանը, և այս ընտրատարածքից պատգամավոր Վահե Հակոբյանը նշանակվեց մարզպետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG