«Իշխանությունը կորցնելու վտանգը Սերժ Սարգսյանին ստիպեց մտնել ՄՄ»

Ռուսաստան-- Նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Նովո Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013

Սեփական իշխանությունը կորցնելու վտանգը Սերժ Սարգսյանին ստիպեց մտնել Մաքսային միություն: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Արևելյան գործընկերության Ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը՝ հակադարձելով իշխանական շրջանակներից հնչող այն պնդումներին, թե Մաքսային միություն մտնելով Հայաստանի ղեկավարը նախ և առաջ հաշվի է առել երկրի անվտանգության խնդիրները։

«Այսօրվա իշխանության կայունությունը և երկրի ղեկի մնալը իրոք հարցականի տակ կդրվեր, որովհետև այն բոլոր շատ հզոր ուժերը Հայաստանում, որոնք շահագրգռված չեն երկրի ժողովրդավարացմամբ և երկրում ազատ տնտեսական գործընթացների սկզբնավորմամբ, գումարած Ռուսաստանի աջակցությունը այդ ուժերին, իրոք վտանգ էր ներկայացնում ներկա կառավարության, ներկա նախագահի իշխանության համար»,- ասաց Նավասարդյանը։

Հարցին, թե այսինքն՝ Ռուսաստանը կփորձե՞ր իշխանափոխություն իրականացնել Հայաստանում, Նավասարդյանը պատասխանեց.- «Միանշանակ այդ ուղղությամբ կգնար այստեղ։ Երբ մենք խոսում ենք վտանգների մասին, հենց դա է հիմնական վտանգը, որը դրդեց մեր նախագահին անել այդ հայտարարությունը՝ սեփական իշխանությունը կորցնելու վտանգը»։

Այն, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը որևէ կապ չունի Հայաստանի անվտանգության հետ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Վերջինիս փոխանցմամբ ոչ Եվրամիության ասոցացման համաձայնագիրը, և ոչ էլ « Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը» կապ չունեն անվտանգության խնդիրների հետ: Ավելին՝ Հայաստանի բանակցությունները Եվրամիության հետ որևէ վտանգ չէին ներկայացնում ոչ հայ-ռուսական հարաբերություններին, և ոչ էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում համագործակցությանը:

Վերլուծաբանի համոզմամբ՝ Հայաստանը կարող էր ընդդիմանալ Մաքսային միություն մտնելու ռուսների առաջարկին, պարզապես խնդիրն այն է, որ իշխանությունները չունեն ռազմավարություն:

«Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումից հետո Հայաստանի նախագահը արագ հանձնվելու փոխարեն պետք է բացատրեր, որ Ռուսաստանի հետ ընդհանուր սահմաններ չունենալու պարագայում առավելագույնը, որ կարող է անել Հայաստանը, Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակ ունենալն է»,- ասում Ռիչարդ Կիրակոսյանը՝ ընդգծելով, որ բացի որոշումից, այն ձևը, որով երկրի ղեկավարը որոշեց միանալ Մաքսային միությանը, պարզապես «ազգային ստորացում էր»։

Թեև նախագահ Սերժ Սարգսյանն անկախության տոնի առթիվ հղած իր ուղերձում շեշտում էր, թե ցանկացած բան կարելի է քննարկման առարկա դարձնել՝ բացառությամբ Հայաստանի ինքնիշխանության, հայաստանյան վերլուծաբանները համոզված են՝ Հայաստանն առաջիկայում Ռուսաստանի խամաճիկը դառնալու վտանգի առջև է կանգնած:

Մասնավորապես, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի փոխանցմամբ՝ Մաքսային միություն մտնելու որոշմամբ ի ցույց դրվեց Հայաստանի անկախության բացակայությունն ու երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգը։

«Հայաստանն այժմ Ռուսաստանի ֆորպոստը դառնալու վտանգի առջև է կանգնած, և Մաքսային միություն մտնելու որոշումը վերջինն էր այդ համատեքստում։ Նայեք, թե ովքեր են վերահսկում Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը, ռուս սահմանապահները։ Գրավի տակ է դրված նաև Հայաստանի ազգային անվտանգությունը՝ հաշվի առնելով, որ այսօր Ռուսաստանին են պատկանում Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերը»,- ասում է է Ռիչարդ Կիրակոսյանը՝ հավելելով, որ Մաքսային միություն մտնելու որոշումը Հայաստանին վերջնականապես զրկեց մանևրելու հնարավորությունից:

Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նույնպես մատնանշում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները: Փորձագետի փոխանցմամբ, եթե Ասոցացման համաձայնագրի դեպքում Հայաստանը Եվրամիության հետ բանակցել էր 4 տարի և գիտեր, թե ինչ է պատրաստվում ստորագրել, ապա Մաքսային միության դեպքում բոլորովին անհայտ է, թե ինչին է իր համաձայնությունը տվել Հայաստանը. իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը ինչ էլ առաջարկի, Հայաստանը ստիպված է ընդունել:

«Այլընտրանք չունենք և որոշելիքը մերը չէ այլևս, այսինքն այն, ինչ մենք ինքնիշխանության առումով զիջելու ենք, զիջելու ենք առանց մեր որոշումը կայացնելու, մեզանից այլևս ոչ մեկը չի հարցնելու»,- ասում է Նավասարդյանը։

Վերլուծաբանները նաև ընդգծում են՝ սեպտեմբերի 3-ի Սերժ Սարգսյանի որոշումից հետո Հայաստանը հայտնվել է մեկուսացած վիճակում, դարձել է անվստահելի և ոչ կարևոր երկիր Եվրոպայի համար:

«Մենք հայտնվել ենք միանգամայն մեկուսացված իրավիճակում, մենք չունենք գործընկեր՝ ի դեմս Եվրամիության գործընկերների, որոնց համար այլևս Հայաստանը հետաքրքիր չէ։ Մենք չունենք գործընկերներ ի դեմս Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, որովհետև մենք այլևս իրենց հետ նույն գործընթացում չենք»,- ասում է Նավասարդյանը։

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանն էլ, ով վերջերս է վերադարձել Բրյուսելից, ընդգծում է՝ Եվրամիությունը Հայաստանին այժմ այլ կերպ է նայում.- «Հայաստանը դիտարկվում է ավելի քիչ վստահելի, քիչ արժանահավատ և քիչ կարևոր երկիր»։