Մատչելիության հղումներ

Հայաստանով հետաքրքրված եվրոպացի գործարարները անորոշության մեջ են


Եվրոպացի ներդրողներն անորոշության մեջ են
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Հայ-բելգիական առևտրի պալատը ամիսներ առաջ Բրյուսելում եվրոպացի գործարարների համաժողով էր կազմակերպել` նրանց համոզելու իրենց ներդրումներն ուղղել դեպի Հայաստան:

Որպես առևտրային վստահելի գործընկեր և զարգացող տնտեսություն Հայաստանին ներկայացնելու հիմնական փաստարկը ԵՄ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցություններն էին, որ Հայաստանը հաջողությամբ ավարտեց այս տարվա հուլիսին: Սակայն, վերջերս հայտարարված` Մաքսային Միությանը միանալու Հայաստանի պատրաստակամությունը Եվրոպայում գործող և Հայաստանի օգտին քարոզող Հայ-բելգիական առևտրային պալատի և դրա անդամ-գործընկերների համար անհասկանալի անակնկալ դարձավ` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը:

«Մենք մտահոգված ենք և երբ ես ասում եմ մտահոգված` նկատի չունեմ միայն բացասական առումով: Մենք մտահոգված ենք, քանի որ ցանկանում ենք բացատրություններ ստանալ այս նորության հետ կապված: Մտահոգ ենք նաև, քանի որ ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրին վստահողներից և այն քարոզողներից էինք: Իհարկե մենք շարունակելու ենք լոբբինգ անել, որպեսզի Եվրամիությունը նույնպես մտածի և մտահոգվի Հայաստանի համար, ընդունի այն` որպես իր ընտանիքի մաս: Հայաստանը մեզ համար իհարկե կարևոր է, բայց կարևոր են նաև երկկողմ հարաբերությունները Բելգիայի հետ, որ ԵՄ մաս է», - ասում է Սաֆարյանը:

Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ, առևտրատնտեսական հարաբերությունների պատասխանատու Վարոս Սիմոնյանը, ով ներկա էր Բրյուսելում գործարարների հանդիպմանը, պատասխանելով Մաքսային Միությանը վերաբերող հարցին, ասաց հետևյալը. - «Մենք սուվերեն պետություն ենք և որոշում ենք կայացրել միանալ Մաքսային միությանը` տնտեսական շահերից ելնելով, քանի որ ծանոթ ենք այդ շուկային, այս պահի դրությամբ այն մեզ համար ավելի գրավիչ է և մատչելի, քան Եվրամիությունը: Միգուցե ապագայում որոշակի համագործակցություն լինի Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միության և Եվրոպական միասնական շուկայի հետ»:

Հայ-բելգիական առևտրային պալատի նախագահն ասում է` դեռ ամեն ինչ նոր է, շատ տեղեկատվություն չկա, բայց առայժմ լուրջ փոփոխություններ երկկողմ առևտրային հարաբերություններում պիտի որ չլինեն, թեև բոլորի մոտ հարցեր են առաջանում:

«Առայժմ Մաքսային միությունը ոչինչ չի փոխում, բելգիական ընկերությունները կարող են մտնել հայկական շուկա, ներդրումներ կատարել այնտեղ, ծրագրեր կազմել, բայց որպես լոբբիստական կազմակերպություն` մեր համակրանքները Եվրամիության խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու կողմն են: Հիմա պետք է թարմացնել բելգիական ընկերությունների տեղեկատվությունը` Հայաստանում ներդրումների և առևտրի նոր ձևաչափի մասին: մենք հասկանում ենք բոլոր քաղաքական ասպեկտները, հարգում ենք Հայաստանի իշխանությունների որոշումը, բայց և միաժամանակ ակնկալում ենք որոշակի բացատրություններ և պարզաբանումներ Մաքսային Միության շրջանակներում գործելու նոր ձևաչափի մասին», - ասում է նա:

Հայ-բելգիական առևտրային պալատը նախապես այս աշնանը բիզնես-այցելություն էր ծրագրել գործարարների խմբի հետ, ովքեր հետաքրքրված էին Հայաստանում ներդրումներ անելով: Այցը նախատեսվում է նոյեմբերի կեսերին, թեև մեզ հետ զրույցում գործարարներն ասում էին, որ շատ բան իրենց համար պարզ կդառնա միայն Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG