Շավարշ Քոչարյան․ «Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք դուրս գանք Ռուսաստանի դեմ»

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյան, արխիվ

«Չեմ կարծում, որ որևէ մեկը կողմ է, որ մենք դուրս գանք Ռուսաստանի դեմ», - այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Վարշավայում արած հայտարարությունները:

Երկու օր առաջ Վարշավայում Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկրոսկու հետ հանդիպման ժամանակ Նալբանդյանը, մասնավորապես, հայտարարել է․ - «Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել ԵՄ այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»։