Մատչելիության հղումներ

Լեհաստանը չի աջակցում Ասոցիացման համաձայնագրի` միայն քաղաքական հատվածի ստորագրմանը


Հայաստանի արտգործնախարը Վարշավայում
Հայաստանի արտգործնախարը Վարշավայում

Սեպտեմբերի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնել է Լեհաստան` այդ երկրի արտգործնախարարի հետ քննարկելու Եվրամիության հետ Հայաստանի հետագա հարաբերություններն ու ծրագրերը։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։

«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել ԵՄ այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Նախարար Նալբանդյանը նաև նշել է, որ կարևոր է առաջ մղել Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։

Հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև Լեհաստանի արտգործնախարարությունը, որի համաձայն, պաշտոնական Վարշավան պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հայաստանի եվրոպական նկրտումներին: Միևնույն ժամանակ Լեհաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանի ձևավորած Մաքսային միությանը միանալու` Հայաստանի որոշումը բարդացրել է ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումն ու Ազատ առևտրի գոտու ստեղծումը: Լեհաստանի արտգործնախարարը նաև շեշտել է, որ Վարշավան չի աջակցում այս փաստաթղթի` միայն քաղաքական հատվածի ստորագրմանը:

Ի պատասխան, ըստ լեհական կողմի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը շաղկապված են ռազմական դաշինքով և շահեկան տնտեսական համագործակցությամբ` հատկապես էներգետիկ ոլորտում, ինչը և արդարացնում է Մոսկվայում Հայաստանի նախագահի արած հայտարարությունը` Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան Մաքսային միությանը միանալու վերաբերյալ:

Լեհաստանը համարվում է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի նախաձեռնող երկրներից մեկը, որի իշխանությունները հետևողական ջանքեր են գործադրում ետխորհրդային վեց պետությունների, այդ թվում՝ Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունները խորացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG