ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է հարձակումները ակտիվիստների վրա

Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը դատապարտում է քաղաքացիական ակտիվիստների, այդ թվում՝ ԱՄՆ-ի քաղաքացու նկատմամբ հարձակումները, որոնք սկիզբ են առել այս տարվա օգոստոսի 22-ից: Այդ մասին ասված է դեսպանատան այսօր տարածած հայտարարությունում:

«Վերջին հարձակման ժամանակ, սեպտեմբերի 5-ին երկու քաղաքացի դաժան ծեծի են ենթարկվել, որի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին վիրահատել են: Հարձակումներին զուգահեռ եղել են բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ակտիվիստներին հետևում են, սպառնում և ահաբեկում: Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շուտափույթ գործողություններ ձեռնարկել՝ դատապարտել այդ հարձակումները, անցկացնել քննություններ ու պատժել մեղավորներին», - ասված է հայտարարությունում:

«Պետությունը պետք է երաշխավորի, որ քաղաքացիները հավաքների, արտահայտվելու ու խոսքի ազատության իրենց հիմնարար իրավունքներից կարողանան օգտվել առանց հաշվեհարդարից վախի», - ընդգծում է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը: