Ստեփանակերտում «հանգիստ են ընդունել» Մաքսային միությանն անդամակցելու որոշումը

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակի փոխանցմամբ՝ պաշտոնական Ստեփանակերտը «բավականին հանգիստ է ընդունել ՀՀ նախագահի որոշումը Մաքսային միությանն անդամակցելու մասին»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում իր քաղաքականությունը․ - «Բացի դրանից, իհարկե, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության յուրահատուկ դերակատարությունը հայության կյանքում, նաև գտնում ենք, որ նման որոշումը բավականին լավ մտածված է եղել: Հաշվի առնելով բազմաթիվ գործոններ՝ և՛ աշխարհաքաղաքական, և՛ տնտեսական, և՛ մշակութային և այլն՝ ընդունվել է այդ որոշումը»:

Բաբայանը հավելեց, թե Հայաստանը պարտավորված է լավ հարաբերություններ ունենալ բոլոր այն պետությունների հետ, որոնք տարածաշրջանում ունեն մեծ կշիռ, հնարավորություններ և ազդեցություն:

«Ուղղակի պարզ տեսեք քարտեզը և հետո մտածեք, թե մենք արդյոք կարող ենք ունենալ վատ հարաբերություններ կամ մեր հարաբերությունները խզենք լրիվ Ռուսաստանի Դաշնության հետ: Ուղղակի պիտի նորմալ հարաբերություններ ունենանք և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, նույն Չինաստանի հետ, մահմեդական աշխարհի: Սա մեր աշխարհագրական դիրքից է բխում», - փաստարկեց ԼՂ նախագահի խոսնակը:

Բաբայանի կարծիքով, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը վճռորոշ դերակատարություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի ապագայի կամ կարգավիճակի վրա: Միաժամանակ նա տեղին չի համարելում այդ համատեքստում ղարաբաղյան թեման շրջանառության մեջ դնելը:

«Իհարկե, արցախյան գործոնը մեծ դերակատարություն ունի հայության կյանքում և դա շատ ողջունելի բան է, քանի որ հայության ճակատագիրը, այդ թվում՝ նաև Հայաստանի Հանրապետության, կախված է ադրբեջա-ղարաբաղյան կարգավորման տարբերակներից: Բայց ես դեմ եմ, որ ամեն ինչ կապում են հենց Արցախի հետ: Այսինքն՝ ինչ-որ խմբավորումներ, ինչ-որ մարդիկ երևի ունեին այլ պլաններ, հիմա տեսնում են, որ իրենց սպասելիքները չեն արդարացել և այդ չարդարացված սպասելիքները կրկին անգամ կապում են Արցախի հետ: Այստեղ չեմ կարծում, որ ամեն ինչ պայմանավորված է Լեռնային Ղարաբաղով»: