Մաքսային միություն մտնելու որոշումը «մեկ օրում չի կայացվել»

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանով

Ազգային ժողովի փոխնախագահի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ սենսացիոն քայլ չի ձեռնարկել։ Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ չորս տարի շարունակ Եվրամիության հետ բանակցելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը անսպասելիորեն որոշեց մտնել Մաքսային միություն, Էդուարդ Շարմազանովն ասաց, թե հարցադրման հետ համաձայն չէ, այդ որոշումը մեկ օրում չի կայացվել։

«Եվրոպացի ցանկացած պաշտոնյայի արձագանքին, որ Հայաստանը պետք է ընտրի կամ այս, կամ այն, Հայաստանի իշխանությունները ամենաբարձր մակարդակով թե Բրյուսելում, և թե Մոսկվայում ասել են, որ մենք չենք գնալու «կամ-կամ»-ի ճանապարհով, մեզ համար այս երկու գործընթացները փոխլրացնող գործընթացներ են, և որևէ սենսացիոն քայլ տեղի չի ունեցել։ Ռուսաստանի Դաշնությունը մեր ռազմավարական գործընկերն է, մենք ՀԱՊԿ հիմնադիր անդամ երկիր ենք, մենք ԱՊՀ տարածաշրջանում շատ ակտիվ զարգացնում ենք մեր հարաբերությունները։ Ընդամենը ապրիլ ամսին Եվրասիական միության հետ Հայաստանի Հանրապետությունը ստորագրեց համագործակցության հռչակագիր»,- հայտարարեց Շարմազանովը։

Հիշեցմանը, որ մեկ տարի առաջ ՀՀ վարչապետը հայտարարել էր, թե անիմաստ է Մաքսային միությանը անդամակցել, որովհետև Հայաստանը սահման չունի միության հետ, իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարել էր, որ Մաքսային միությանը միանալով Հայաստանը կկորցնի իր ինքնիշխանությունը, Շարմազանովը արձագանքեց. - «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է համագործակցել և խորացնել իր տնտեսական հարաբերությունները Եվրասիական տարածաշրջանում՝ չբացառելով նաև Մաքսային միության անդամակցումը։ Որևէ մեկի հետ մենք պայման չենք ունեցել, և որևէ մի հայաստանցի բարձրաստիճան պաշտոնյա չի ասել, որ այս ինտեգրացիոն գործընթացները ի հաշիվ մեկը մյուսի են»։

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը, արձագանքելով Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը, «Ազատություն» ռադիոկայանին ասել էր. - «Ես շատ եմ ցավում այդ որոշման համար, քննարկել եմ այս հարցը Հայաստանի նախագահի հետ։ Մենք գիտենք, որ Հայաստանի վրա ահռելի ճնշումներ են գործադրվել Ռուսաստանի կողմից` Ադրբեջանի և Ղարաբաղի շուրջ դժվար իրադրության հետ կապված, և որ այդ ճնշումները օգտագործվել են Հայաստանի նման փոքր պետությանը շանտաժի ենթարկելու համար, որպեսզի նման որոշում կայացվի»:

Հարցին, թե ինչո՞ւ են ինքնիշխան երկրի ղեկավարին շանտաժի ենթարկել և արդյոք իսկապես եղե՞լ են ճնշումներ, իշխող կուսակցության խոսնակը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ կոռեկտ չէ, որ այս կամ այն երկրի նախագահի անունից խոսի այլ երկրի պաշտոնյան։ Մենք գնացել ենք մեր պետական շահի գերակայությունից ելնելով»։

Անդրադառնալով հարցին, թե ե՞րբ և որտե՞ղ է Հայաստանի նախագահը որոշել, որ երկիրը մտնում է Մաքսային միություն, երբ Հայաստանի ժողովուրդը տեղյակ չէ այդ որոշուման մասին, և գոնե կառավարությունը տեղյա՞կ եղել է, Շարմազանովն ասաց. -«Սերժ Սարգսյանը՝ որպես ՀՀ նախագահ, ունի վստահության մանդատ։ Եվ Հայաստանի ժողովուրդը ձայնը տվեց Սերժ Սարգսյանին, նրան տալով վստահության մանդատ, որպեսզի նա իրականացնի քաղաքականություն այս հինգ տարիների ընթացքում։ Նման հարցադրումները լուրջ չեն։ Ով որ պետք է եղել, բոլորն էլ տեղյակ են եղել և յուրաքանչյուր ոլորտում այդ քննարկումը տեղի է ունեցել»։