Մատչելիության հղումներ

Վադիմ Դուբնով․ «Սարգսյանն առանձնապես ընտրություն էլ չուներ»


Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նովո Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013թ․
Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նովո Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Ռուսաստանցի փորձագետը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք է հայտնում, որ Երևանը որոշում կայացրեց ակնհայտ ճնշման ներքո:

«Եվրամիություն - Հայաստան ասոցացման համաձայնագրի հնարավոր նախաստորագրման փաստն ինքնին արժեզրկված է», - «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է կովկասյան խնդիրներով զբաղվող ամենահեղինակավոր ռուսաստանցի փորձագետներից մեկը` ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության վերլուծաբան Վադիմ Դուբնովը:

Նրա համոզմամբ՝ այն, ինչի վերածվեցին Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները, շատ նման է հայ - թուրքական արձանագրությունների շուրջ տարիներ առաջ տեղի ունեցած զարգացումներին․ - «Որոշ առումներով կրկնվեց Թուրքիայի հետ հաշտեցման պատմությունը: Հայաստանը, Սարգսյանի թիմը բավական վճռական հայտարարություններով հանդես եկան, աշխույժ խոստումներ հնչեցրեցին, բայց հետագայում պարզ դարձավ, որ [նրանք] պարզապես ի վիճակի չեն ինչ-որ կերպ դրանք կյանքի կոչել: Կարծում եմ, որ այդ առումով պատմությունը կրկնվում է»:

«Վերջին ամիսներին այն ամենը, ինչ անում էր Սարգսյանը, լուրջ հետաքրքրություն էր առաջացնում, և անգամ ինձ թվում էր, որ իր պաշտոնավարման երկրորդ ժամկետը Սերժ Սարգայանը որոշել է ծառայեցնել Հայաստանի արտաքին քաղաքականության որոշակի հավասարակշռմանը: Ես կարծում եմ, որ այդ փորձերը կշարունակվեն, սակայն դրանք արդեն իսկ արժեզրկված են, և իմ տպավորությամբ՝ Սարգսյանն առանձնապես ընտրություն էլ չուներ», - նշում է ռուս փորձագետը:

Նրա խոսքով՝ Երևանն այս որոշումը կայացրել է ակնհայտ ճնշման ներքո:

«Հայաստանի վճարած գինը չափազանց մեծ էր: Ես կարծում եմ՝ Մոսկվայից որոշակի ակնարկներ են հնչել Հավաքական անվտանգության պայմանագրի, անվտանգության համակարգի վերաբերյալ: Սա մի գիծ է, որից այն կողմ Հայաստանը նահանջել չի կարող: Ըստ իս, Ռուսաստանը հենց այդ փաստի վրա էր կառուցել իր խաղը», - նշում է մոսկվացի վերլուծաբանը:

Վադիմ Դուբնովը, սակայն, չի բացառում, որ Հայաստանն առաջիկա նոյեմբերին, այնուամենայնիվ, կնախաստորագրի Եվրամիության ներկայացուցիչների հետ մշակված ասոցացման համաձայնագիրն ու ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Այլ հարց է, որ այդ համաձայնագիրն այլևս որևէ իրական բովանդակություն չի ունենա:

«Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ Վիլնյուսում այդ համաձայնագրերը կնախաստորագրվեն: Այլ հարց է, որ դրանք ի սկզբանե բավական արարողակարգային բնույթ ունեին, իսկ հիմա դրանք ընդհանրապես վերածվեցին ռիտուալային մի գործողության: Մոսկվայում տեղի ունեցած իրադարձությունները, կարծում եմ, չեն չեղարկում Վիլնյուսը, բայց արժեզրկում են այն», - նշում է ռուսաստանցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG