Ակտիվիստները հրաժարվում են բանակցել՝ քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները

Տարոն Մարգարյանը այսօր պատրաստակամություն է հայտնել ցանկացած պահի բանակցել քաղաքապետարանի շենքի մոտ 11-րդ օրը նստացույցի միջոցով տրանսպորտի ուղեվարձի դեմ իրենց բողոքն արտահայտնող քաղաքացիական ակտիվիստների հետ:

Ակտիվիստները, սակայն, քաղաքապետի առաջարկին չեն արձագանքել, քանի որ բանակցելու իմաստ չեն տեսնում՝ քանի դեռ չեն կատարվել իրենց պահանջները:

Ակտիվիստներն այսօր ներկայացրին «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի եւ քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականի պահանջի իրավական հիմքերը:

Հակադարձելով քաղաքապետի հայտարարությանը, թե հրաժարականներն անհիմն են՝ ակտիվիստներից մեկը, դիմելով հրավիրված լրագրողներին, մեջբերեց հատվածներ «Համայնքային ծառայության մասին» օրենքից՝ պնդելով, որ ինչպես Համբարձումյանը, այնպես էլ Նավասարդյանը խախտել են այդ պահանջները:

Ակտիվիստները հիշատակեցին նաեւ օրենքի այն դրույթը, որով արգելված է պաշտոնավարել, եթե բախվում են հանրային եւ մասնավոր շահերը՝ պնդելով, թե երկու պաշտոնյաներն էլ անձնական շահեր են ունեցել ուղեվարձի բարձրացման մասին որոշումը կայացնելիս, քանի որ, ակտիվիստների տվյալներով, նրանք ունեն իրենց «գծերը»:

Ակտիվիստները փաստարկները մեկնաբանելու՝ «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքից ի պատասխան Հենրիկ Նավասարդյանն ասաց․ - «Գրեք, գրավոր կպատասխանեմ»:

Լրագրողների միջոցով ակտիվիստները նաև դիմեցին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Նրանք մատնացույց են անում, որ քաղաքապետարանի շենքի շրջակայքում գիշերն անջատվում է փողոցային լուսավորությունը, ինչը չէր արվում մինչեւ բողոքի ակցիաները սկսվելը, խոտածածկի ոռոգման համակարգի միջոցով ակտիվիստներին ջրելը, վրան տեղադրելուն խոչընդոտելը:

«Դիմում ենք Ձեզ՝ Ձեր իրավասությունների շրջանակներում միջամտելու նպատակով», - լրագրողների միջոցով Կարեն Անդրիասյանի դիմեց ակտիվիստներից մեկը:

Ըստ ավելի ուշ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Կարեն Անդրեասյանը քաղաքապետարանի դիմաց նստացույց անող ակտիվիստների «հրապարակային դիմումի հիման վրա վարույթ է հարուցել և բարձրացված խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը կհայտնի հնարավորինս սեղմ ժամկետներում»:

Հուլիսի 23-ին, հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով խորհրդական Արմեն Գրիգորյանը ականատես էր եղել քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանության բաժին բերման էին ենթարկվել 4 ակտիվիստներ: Պաշտպանի գրասենյակը տարածած հաղորդագրությամբ վստահեցրել էր, թե բոլոր գործողություններին առաջիկայում կտրվեն համապատասխան գնահատականներ: Ցայսօր, սակայն, որևէ գնահատական չի տրվել:

Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանն այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե ակտիվիստները բողոք չէին հղել ՄԻՊ գրասենյակ: