Մատչելիության հղումներ

Քաղաքապետանի շենքի մոտ նստացույցը կարող է վերածվել հացադուլի


Ֆլեշմոբ Երեւանի քաղաքապետարանի առջեւ
please wait

No media source currently available

0:00 0:12:16 0:00
Քաղաքապետարանի շենքի մոտ նստացույցը կարող է վերածվել հացադուլի՝ եթե ցուցարարների պահանջները չբավարարվեն:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ արդեն ութերորդ օրը շարունակվող բողոքի ցույցի մասնակիցներից Վահագն Մինասյանը ասաց, որ եթե իրենց պահանջները չբավարարվեն, քաղաքային չինովնիկներին աշխատանքից չհեռացվեն, շուրջօրյա նստացույցի մասնակիցները հնարավոր է հացադուլ հայտարարեն՝ կոշտացնելով իրենց դիրքորումը, ընդհուպ պահանջելով Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի վարչությունների բոլոր պետերի հրաժարականները:

«Գուցեև այլ գործիքներով, բայց անպայման պայքարելու ենք այն երևույթի դեմ, որ նմանատիպ քրեական բարքեր և արժեքներ կրող անձինք հանրության հետ կապված որևէ որոշում ընդունելուն մասնակցելու իրավունք չունենան», - ասաց Մինասյանը:

Բողոքող երիտասարդներին այսօր իրենց աջակցությունը հայտնեցին ուղեվարձի բարձրացման դեմ բողոքող մյուս խմբերը՝ ֆլեշ֊մոբի միջոցով։ Քաղաքի տարբեր ծայրերից քաղաքապետարանի մերձակայք բերած պաստառի առանձին հատվածները երիտասարդներն այստեղ միավորեցին՝ ստանալով «Եթե պայքարել, ապա միասին» կարգախոսը:

«Թող սա դաս լինի ռեժիմի համար, թող ռեժիմի բոլոր տարրերը տեսնեն այս միասնության էլեմենտը, թող սա խորհրդանշի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միասնությունը: Իշխանությունը պատկանում է ժողովրդին», - բարձրախոսով հայտարարեց ցուցարարներից մեկը:

Ակցիայի մասնակիցներին հսկում էին մի քանի շարքով քաղաքապետարանի մուտքը փակած ոստիկանները:

Երեկ, հիշեցնենք, քաղաքապետարանի շենքի մոտ վրան տեղադրելու փորձի ժամանակ իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:

«Ոստիկաններն ինձ առևանգել են», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Կիվիրյանը:

Ոստիկանությունում կազմված վարչական իրավախախտման մասին արձանագրությունը Կիվիրյանը, հիշեցնենք, չի ստորագրել:

Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարին միացած իրավապաշտպանն այսօր հայտարարեց, որ պատրաստվում է պատասխանատվության կանչել իրեն ազատությունից զրկած, մարմնական վնասվածք հասցրած ու անձնական գույքը (բարձրախոսը) վնասած ոստիկաններին՝ հավելելով, որ այսօր դատաբժշկի ուղեգիր է վերցնելու:

«Ես ունեմ փաստաբաններ, և իրենք կկատարեն բոլոր գործողությունները իմ իրավունքների վերականգնման և մեղավոր անձանց պատժման ուղղությամբ: Չեմ պատրաստվում ընկրկել ոստիկանության ապօրինությունների առաջ», - հայտարարեց Կիվիրյանը՝ չբացառելով, որ առաջիկայում կրկին կփորձի վրան տեղադրել քաղաքապետարանի շենքի դիմաց:

Իրավապաշտպանի համոզմամբ՝ Հայաստանի քաղաքացին իր պայքարը պետք է արժանապատվորեն իրականացնի․ - «Ես ինքս, եթե պարզ ասեմ, այդ նստացույցին դեմ էլ եմ: Պայքարի այդ մեթոդը այդքան էլ արդյունավետ չէ: Առնվազն կդնեի Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը: Այս պարագայում նստացույց իրականացնում է սակագնի [բարձրացման] դեմ պայքարողների մի խումբը, և մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ես գտնում եմ, պետք է օժանդակենք»:
XS
SM
MD
LG