Ակտիվիստները պաշտոնանկություններ և վնասի փոխհատուցում են պահանջում

Վաղ առավոտյան Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ցույցի եկած ակտիվիստները որոշեցին տեղում անժամկետ նստացույց սկսել՝ պահանջելով քաղաքապետ Տարոն Մարգարյանից անհապաղ պաշտոնանկ անել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին և «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանին:

Ոստիկանները պատ են կազմել շենքի երկայնքով՝ թույլ չտալով երիտասարդ ակտիվիստներին մոտենալ մուտքին:

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պարբերաբար բարձրախոսով դիմում է ցուցարարներին՝ սպառնալով օրենքով սահմանված միջոցներ կիրառել և «պատասխանատվության ենթարկել օրինախախտներին»:

Երիտասարդների մի մասը, մինչդեռ, նստել է խոտածածկի վրա՝ սպասելով, որ անձամբ Տարոն Մարգարյանը դուրս գա շենքից։ «Տարոն, выходи», «Հաղթանակ», «Մենք ենք տերը մեր երկրի» ձայնարկում են նրանք։

Քաղաքապետարանին փոխանցված նամակում երիտասարդները նշում են, որ մի քանի օր շարունակ վնաս է պատճառվել հանրային տրանսպորտից օգտվող բազմաթիվ քաղաքացիների։ Նրանք պահանջում են հատուցել այս վնասը՝ հինգ օրվա ընթացքում հանրային տրանսպորտից օգտվող բոլոր քաղաքացիների համար ուղեվարձը սահմանելով 50 դրամ, որպես ավելորդ վճարված 50 դրամի փոխհատուցում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր ակտիվիստ Սոնյա Մսրյանը, պայքարի թիրախն այժմ պետք է դարձնել տրանսպորտի համակարգի ամբողջական բարեփոխումը։

«Սա հաղթանակ է, բայց մենք հաղթել ենք ճակատամարտում, ոչ թե պատերազմում, և պայքարը շարունակվելու է, հասնելու ենք նրան, որ տրանսպորտի ոլորտում տեղի ունենան համակարգային փոփոխություններ», - ասաց Մսրյանը:

Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն էր հիշեցնում էր, որ որոշումն ընդամենը ժամանակավորապես կասեցվել է, ոչ թե չեղյալ հայտարարվել, ինչը, ըստ Կիվիրյանի, վկայում է, որ իշխանությունները փորձեցին շարժումը մարել։

«Իրենց պետք է ժամանակավոր լուծում գտնել, իրենց չի հետաքրքրում հասարակության վիճակը, որ այս օրերին տեղի են ունեցել ապօրինություններ, ապօրինի որոշմամբ գանձվել է այդ 150 դրամը, իրենց հետաքրքրում է մի ձևով կոտրել այդ ալիքը։ Այս պահի դրությամբ պետք է առնվազն պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը, որպես այս ամենի ուղղակի պատասխանատուի», - ասաց Կիվիրյանը։

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանի համար Տարոն Մարգարյանի այս քայլը անակնկալ չէր, սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե չէր կարծում, որ քաղաքային իշխանություններն այսքան շուտ կնահանջեին: Ըստ Ղուկասյանի՝ այս օրերին վճարված լրացուցիչ 50 դրամը «ժողովրդից խլված հացի փող էր»:

Եվ վերադառնալով նստացույցին՝ նշենք, որ քաղաքապետարանի աշխատակացիները օրվա ընթացքում պարբերաբար միացնում էին խոտածածկի ոռոգման համակարգը, բայց շատրվանի պես ցայտող ջուրն ակտիվիստներին չստիպեց ազատել տարածքը: