ԵՄ-ն ողջունում է Հայաստանի հետ բանակցությունների ավարտը

Շտեֆան Ֆյուե, Քեթրին Էշթոն

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարությամբ ողջունում են ԵՄ-Հայաստանի բանակցային գործընթացի բարեհաջող ավարտը։

«Մենք ուրախ են հաստատել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակային մասի, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների ավարտը: Սա շատ դրական զարգացում է և մենք անհամբեր սպասում ենք այս Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաթնաժողովին և հետագայում վերջնական ստորագրմանը, երբ բոլոր տեխնիկական ընթացակարգային հարցերը լուծված կլինեն»,- ասվում է Ֆյուլեի և Էշթոնի համատեղ հայտարարությունում:

ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաներ նշում են նաև, որ 2010-ին մեկնարկած այս բանակցությունների ավարտը մեծ առաջընթաց է թե ԵՄ-ի, թե Հայաստանի համար: Ասոցացման համաձայնագիրը թույլ կտա ԵՄ-ին և Հայաստանին միասին առաջ ընթանալ համապարփակ մոդեռնիզացման և բարեփոխումների ուղղությամբ` կիսելով ընդհանուր արժեքներ, քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրացիա:

Հիշեցնենք՝ Ասոցացման համաձայնագրի մաս կազմող Խորը և Համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունները Հայաստանն ու ԵՄ ավարտին հասցրեցին երկու օր առաջ:

«Համաձայնագիրը ուղղակիորեն իր դրական ազդեցությունը կունենա ամենօրյա կյանքի վրա` ավելի մոտեցնելով Հայաստանն ու հայաստանցիներին Եվրոպական Միությանը: Թույլ տվեք հայտնել մեր բարձր գնահատականը երկու կողմի բանակցողներին, ովքեր հասան այս գերազանց արդյունքին»- ահա այսպիսի ողջույնի հայտարարությամբ են երեկ Բրյուսելում հանդես եկել ԵՄ երկու բարձրաստիճան պաշտոնյաները։

Ասոցացման և խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունների բարեհաջող ավարտը Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի հետ ողջունել է նաև Արևելան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը՝ նշելով սակայն, որ համաձայն եվրոպական ինտեգրացիայի ինդեքսի` Արևելյան գործընկերության 6 երկրներից երկուսում է միայն նկատվում կառավարության և քաղաքական օղակների համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ:

Սահմանափակ տեղաշարժեր նկատվում են Ուկրաինայում, Հայաստանում ևս կան բաց գործելաոճի անցնելու նշաններ, փաստում է Քաղաքացիական հասարակության ֆորումը և հավելում, որ իրենց մոնիտորինգի համաձայն` առաջին հերթին Մոլդովան ու Վրաստանը, որոշ չափով նաև Հայաստանը շարունակում են եվրոպական ինտեգրացիայի ճանապարհը: Ուկրաինան, չնայած նրան, որ ԵՄ-ի հետ քաղաքական երկխոսության ամենաբարձր ինտենսիվությունն է վայելում, շարունակում է դանդաղեցնել իր ինտեգրացիոն ջանքերը: Ադրբեջանն ու Բելառուսը որևէ առաջընթաց առայժմ չեն արձանագրում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության ոլորտում: