ՎՊ-ի հաշվետվությունում «բացակայում են խորքային վերլուծությունները»

Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյան

Հայասատանի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանի խոսքով, Վերահսկիչ պալատի ներկայացրած հաշվետվությունում բացակայում են խորքային վերլուծություններն ու եզրահանգումները:

«Թեպետ չեմ կասկածում Վերահսկիչ պալատի պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն կարծում եմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների մասին», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց նախարարը:

Թադևոսյանը հավելեց, որ իր գլխավորած նախարարությունն սեփական ուսումնասիրություն է իրականացրել և պարզել, որ շինարարության ոլորտի խախտումները հիմնականում գոյանում են լիցենզավորած կազմակերպությունների կողմից աշխատանքները շատ դեպքերում թերի ու անորակ իրականացնելու հետևանքով:

Ինչ վերաբերում է Թադևոսյանի ներկայացրած ոլորտում Վերահսկիչ պալատի իրականացրած աշխատանքներին, ապա ուշագրավ մի հանգամանք պարզվեց` Իշխան Զաքարյանի ղեկավարած մարմինը ստուգել է քաղաքաշինության ոլորտը և ոչ թե Քաղաքաշինության նախարարությունը: Ուստի Թադևոսյանն առաջարկեց հարցերն ուղղել այն նախարարություններին, որոնց իրականացրած շինարարակական աշխատանքներում հայտնաբերվել են խախտումներ` չկատարված աշխատանքների դիմաց վճարում, անորակ աշխատանքներ, գների արհեստական թանկացումներ և այլն:

«Սա, իհարկե, մեզ չի ազատություն պատասխանատվությունից», - շարունակեց նախարարը: - «Ավելին, որպես քաղաքաշինության ոլորտի քաղաքականության պատասխանատու, նախարարությունը շուրջ մեկ տարի իր տեսադաշտում է պահում ոլորտի հիմնախնդիրները, որոնք պահանջում են տեւական և երկարատև լուծումներ: Քաղաքաշինության նախարարության կողմից բարեփոխումների բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր և միջոցառումներ, և այդ ուղղությամբ նախնական արդյունքներն արդեն ակնհայտ են: Նշեմ ընդամենը մեկ փաստ․ պետական բյուջեի միջոցներից հատկացված շինարարական աշխատանքների համար 6.5 միլիարդ դրամից Քաղաքաշինության նախարարությանը հաջողվել է տնտեսել շուրջ 1 միլիարդ դրամ»:

Արդեն ասուլիսից հետո «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե Վերահսկիչ պալատը չի ստուգել իր գլխավորած նախարարություն, ինչո՞ւ է ընդհանրապես նախարարը որոշել հանդիպել լրագրողների հետ, Սամվել Թադևոսյանը արձագանքեց․ - «Քաղաքաշինության ոլորտը համակարգող պատասխանատու հանդիսանում է Քաղաքաշինության նախարարությունը, բայց քանի որ հաշվետվության մեջ գրված է ոչ թե քաղաքաշինության ոլորտ, այլ շինարարության ոլորտ, հենց դա էր պատճառը, որ ես որոշեցի ասուլիս հրավիրել»:

Այսօր ավելի ուշ հայտարարություն է տարածել Վերահսկիչ պալատի լրատվական ծառայությունը, որում, մասնավորապես, ասվում է․ - «Ինչ վերաբերում է նախարարի հնչեցրած «հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումների նախապայմանների, խախտումները ծնող հանգամանքների մասին» մտքին, ապա հարկ ենք համարում հիշեցնել, որ արդեն երկրորդ տարին է ՎՊ-ն կառավարությանն առաջարկում է վերանայել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»: Ավելին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում այժմ քննարկվում է հենց ՎՊ մասնագետների կազմած բավականին խորքային և սկզբունքային նախագիծը»: