Իշխանության ներսում «կոմպրոմատների պատերազմ է ընթանում»

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը Ազգային ժողովի նիստերի դահլիճում: 17-ը հունիսի, 2013թ.

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, պետբյուջեի չարաշահումները հասարակության սեփականությունն են դառնում մեկ պատճառով` իշխանության ներսում կոմպրոմատների պատերազմ է ընթանում:

«Վերահսկիչ պալատի նախագահը ներկայացնում է, որ ինչքան մեծ թալան կա: Ազգային ժողովի նախագահը հակարդարձում է, որ այդ թալանչիները պետք է գործից ազատվեն, արդեն ժամանակն է: Դրանից հետո վարչապետն է ուղարկված ձեռնոցը ընդունում եւ ասում է նախարարներին` կա՛մ դուք իսկապես հանցագործ եք, յուրացրել եք, կա՛մ պետք է պատասխանեք: Ու անմիջապես, հենց նույն օրը գնում է այլ հակադարձում, որ դիզվառելիքի համար սուբսիդավորումից կոնկրետ Մխչյան գյուղում ըստ էության գրեթե ութսուն տոկոսով օգտվել են Հովիկ Աբրահամյանի` Ազգային ժողովի նախագահի եղբայրն ու տղան` սոցիալապես շատ անապահով ֆերմերային տնտեսության ներկայացուցիչներ», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մարտիրոսյանը:

«Ներիշխանական մանր պատերազմները մի կողմ», - շարունակեց նա, - «բայց առանց բարձրագույն իշխանական հրահանգի պատիժներ չեն կարող լինել: Մեզ մոտ ամենաթեթեւ գործն անգամ, եթե դա քաղաքական դաշտին է վերաբերվում, պետք է հրահանգավորված լինի: Որեւէ ոստիկան երբեւիցե որեւէ իշխանավորի նկատմամբ առանց իշխանական հրահանգի որեւէ քայլ չի իրականացնի: Ուրիշ է, եթե ընդդիմադիր է: Եթե ընդդիմադիրը նույնիսկ քառասուն հոգով փորձում է խաղաղ երթ անցկացնել, դա կխանգարեն: Բայց, որ, ասենք, իշխանավորն ամբողջ փողոցներ կարող է փակել, որեւէ ոստիկան երկու հարյուր մետր անգամ այդ փողոցին չի մոտենա: Էլ չեմ խոսում այս կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված ինքը որեւէ քայլ չի կատարի»:

Մարտիրոսյանի կարծիքը կիսում է իր կուսակից Ռուբեն Հակոբյանը. - «Զգացվում է, որ մեծամասնության շրջանակում որոշ տեղաշարժեր են տեղի ունենում: Եվ եթե սա իր տրամաբանական ավարտը չունենա, չի բացառվում, որ կողմերից մեկը իշխանության ներսում այս Վերահսկիչ պալատի հաշվետվությունը պետք է օգտագործի մյուսի դեմ»:

Դաշնակցության ղեկավար անդամ, ԱԺ խատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց, թե ինչու ՎՊ-ի հաշվետվությունը չի հասնում դատախազություն: Նրա կարծիքով, դրա պատճառը իշխանության ներսում ընթացող դիրքային պայքարն է. - «Բացահայտ անարդյունավետ քայլը երեւում է, եւ դրա դեմ իրական պայքար չի կատարվում: Ավելին, երբ խոսվում է արտագաղթի տեմպերի մասին, անվստահության մասին, մեղադրանք է ներկայացվում մթնոլորտին` գաղջ մթնոլորտ, որի թիվ մեկ մեղավորները, պարզվում է, լրատվամիջոցներն են ու ընդդիմությունը: Սա, իհարկե, իշխանության վարկաբեկման մասին է խոսում, որ իշխանությունը իր տեղում չէ»:

Մեղադրանքին պետք է համակարգային փոփոխությունները հաջորդեն, իսկ այդպիսիք, ըստ Մինասյանի, իշխանությունները պատրաստ չեն իրականացնել. - «Իրենք փորձում են հասկանալ կամ պատկերացնել, որ սրա տակ կոնկրետ մարդիկ պետք է նստեն: Դրա համար պետք չէ վիրավորել կամ նեղացնել առանձին մարդկանց: Մանավանդ, որ կա կապ. եթե մեկին նստացնեն, կարող է մյուսը սկսի գլուխ բարձրացնել… Որոշ մարդկանց համար ձեռնտու է այսօրվա վիճակը, որոնք կարողանում են հանգիստ սնուցվել պետական համակարգից` առանց մտածելու ու հաշվի առնելու, որ դրա վերջն է գալու մի օր: Որովհետեւ, եթե հասարակությունդ լքում է քո երկիրը, վաղը այդ բյուջեն էլ չի ունենալու երկիրը, եւ դու էլ չես կարողանալու այդ հարստությունը ծախսես, վատնես կամ խժռես»:

Իշխող կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը գույները չխտացնելու կողմնակից է: Չարաշահումներ, նրա խոսքով կան, բայց բյուջեն ամբողջությամբ չի մսխվել:

Նա նկատեց, թե յուրաքանչյուր քաղաքացի կարող էր վերցնել ՎՊ-ի հաշվետվությունը եւ տանել դատախազություն. - «Երբ Վերահսկիչ պալատի զեկույցը կարդում ես, դա մի այլ տպավորություն է, Ազգային ժողովում երբ քննարկում ես, դա քաղաքական ֆորում է: Եվ ցանկացած պատգամավոր կամ քաղաքական ուժ իր բնութագրերն է տալիս: Եվ այդ բնութագրերի կոլորիտը աճեց, աճեց, աճեց եւ հասարակության մեջ տարածվեց, որ այս ի՞նչ է կատարվել, ամբողջ բյուջեն կերել են, ինչ են արել»: