Մատչելիության հղումներ

ՎՊ-ն խախտումներ է արձանագրել Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունում


Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը «խայտառակություն» որակեց Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության ընթացքում իրականացվող վերահսկողությունը:

«Անզեն աչքով տեսնում ենք բացարձակապես անորակ աշխատանք», - այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց Իշխան Զաքարյանը` որպես ապացույց ներկայացնելով մի շարք լուսանկարներ:

Հայաստանի եւ Վրաստանի սահմանային կետից ավելի քան 500 կմ բարձրակարգ, բետոնյա ծածկույթով ավտոմոբիլային ճանապարհի շինարարության ավարտը նախատեսված է 2017 թվականին: Ծրագրի ընդհանուր արժեքը 962 միլիոն դոլար է:

Շինարարական աշխատանքները վերահսկող ծրագրի կառավարման խորհրդատուն է «Սաֆեշ» ֆրանսիական ընկերությունը՝ իսպանական «էպիտիսա» ընկերության հետ համատեղ (այս երկու ընկերությունները համատեղ ձեռնարկություն են կազմել): Ծրագրի կառավարման խորհրդատուի պարտավորությունն է նաեւ ֆինանսական կառավարման եւ գնումների գործընթացի գնահատումը:

Վերահսկիչ պալատի նախագահը այսօր հրապարակեց լուսանկարներ, որոնք ապացուցում էին, որ «տեխնիկական վերահսկողություն իրականցնող ընկերությունը բացարձակապես չի կատարել համաձայնագրով իրեն վերապահված լիազորությունները», ինչի կապակցությամբ կազմվել 3 արձանագրություն, որոնք ներկայացվել են ֆրանս-իսպանական համատեղ կազմակերպությանը. - «Մենք 13 կետով խախտումներ ենք տվել»:

Այս տարվա ապրիլին, հիշեցնենք, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման պետական ոչ առեւտրային կազմակերպության» գործադիր տնօրեն Արա Հովսեփյանն ազատվել է աշխատանքից:

Իշխան Զաքարյանն ասաց, որ խախտումները բացահայտելուն պես զեկուցել է Սերժ Սարգսյանին. - «Արդյունքում ծրագրերի իրականացման տնօրենը ազատվել է աշխատանքից»:

«Չգիտեմ ինչի մասին է խոսքը», - նշված խախտումների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին այսօր պատասխանեց Արա Հովսեփյանը` շարունակելով. - «Մի ամիս առաջ արձանագրություն եղել է, դրան պատասխան ուղարկվել է: Այդ աշխատանքները ո'չ ընդունվել էին, ո'չ էլ վճարվել էին: Այսինքն` որեւէ չարաշահում մի ամիս առաջ չի եղել: Բացառվում են դրանք»:

Հովսեփյանը հրաժարվել մեկնաբանել իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը:

Վերահսկիչ պալատի պահանջով, ինչպես հայտարարեց Իշխան Զաքարյանը, դադարեցվել է ամբողջ շինարարությունը. - «Մենք առաջարկել ենք Կառավարությանը ձեռնարկել միջոցներ` մեկամսյա ժամկետում շտկելու իրավիճակը: Մեկամսյա ժամկետում իրավիճակը չշտկելու դեպքում Վերահսկիչ պալատը առաջարկում է լուծարել պայմանագիրը եւ հայտարարել նոր մրցույթ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վերահսկիչ պալատը ինչպիսի դերակատություն ունի այդ գործընթացի իրավական հետեւանքների հարցում, Իշխան Զաքարյանը պատասխանեց. - «Վատ են աշխատում` աշխատանքից ազատվել են: Ձեր ասածը ավելի շատ ֆինանսական հետեւանքներին է վերաբերում, եւ ես ուզում եմ տեղյակ պահել, որ առայժմ խոսում եմ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության մասին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG