Զինտեխնիկայի վաճառքը «ընդամենը բիզնես» է

Your browser doesn’t support HTML5

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Երեւանում հայտարարեց, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զինտեխնիկայի վաճառքը «ընդամենը բիզնես է» եւ դա «Մոսկվայի բիզնեսն է»:

Բորդյուժան Հայաստանի մայրաքաղաքում մասնակցում է ՀԱՊԿ-ի շրջանակներում անցկացվող միջազգային համաժողովին:

Այս ամիս ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է Արդբեջանին մատակարարել շուրջ 1 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ հարվածային նշանակության զինտեխնիկա: Այսօր Բաքվում` Ադրբեջանի զինված ուժերի հերթական տարեդարձին նվիրված զորահանդեսի ժամանակ ցուցադրվեցին Ռուսաստանից վերջերս ստացված որոշ զինատեսակներ:

«Ռուսաստանի Դաշնությունը զենքերի խոշորագույն արտադրողներից ու մատակարարներից է: Ռուսաստանի Դաշնությունը զենք է վաճառում աշխարհի տասնյակ պետությունների, այդ թվում` ՀԱՊԿ-ին չանդամակցող երկրների: Սա Ռուսաստանի Դաշնության բիզնեսն է, շուկան եւ տնտեսությունը: Այլ հարց է, որ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրներին զենքի վաճառքի դեպքում (դուք հարցնում եք Ադրբեջանի մասին), որոշման հիմքում նախեւառաջ դրվում է ուժերի հավասարակշռության պահպանումը Կովկասում: Եվ այս գլխավոր սկզբունքն է հաշվի առնվել ձեր հարեւան Ադրբեջանին զենքի վաճառքի ժամանակ», - լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Նրա կարծիքով` ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում խախտված չէ. - «Հայաստանը ՀԱՊԿ ակտիվ անդամներից է եւ իր դաշնակիցներից օգնություն ստանալու իրավունք ունի` սեփական անվտանգությունն ապահովելու համար»:

Բորդյուժան հավելեց, թե Ռուսաստանը մշտապես քայլեր է ձեռնարկում` Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

«Սկսենք նրանից, որ Ռուսաստանն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել [տարածաշրջանում] ուժերի հավասարակշռության պահպանման ուղղությամբ. Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմական բազան, որը կոչված է ապահովելու Հայաստանի անվտանգությունը: Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը հայ սահմանապահների հետ պահպանում են նաեւ ռուս սահմանապահները: Սա էական ներդրում է Հայաստանի անվտանգության բարձրացման գործում»:

Այսօր հարցին անդրադարձավ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը. - «Ինչ վերաբերում է Ադրբեջանի սպառազինմանը, դա մեզ չմտահոգել չի կարող: Բայց գիտեք, որ ռազմատեխնիկական համագործակցությունը մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա: Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը մենք կարողանանք պահպանել` ոչ միայն քանակական, այլ նաեւ որակական առավելությունների շնորհիվ»:

«Ռազմատեխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ երեկ մենք շատ կարեւոր փաստաթուղթ ստորագրեցինք, եւ այդ փաստաթուղթը հնարավորություն է տալու, որպեսզի մենք ավելի բարձր մակարդակի` միջպետական մակարդակի վրա դնենք մեր ռազմատեխնիկական համագործակցությունը: Այնպես որ, իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավարքին, իհարկե, մենք բազմիցս խոսել են այն իրավիճակի մասին, որ Արդբեջանի ղեկավարութունը [քայլեր] իրականացնում է սպառազինությունների ձեռքբերման եւ այդ մրցավազքի մեջ մեզ ներքաշելու ուղղությամբ, բայց մենք հենց այնպես, կուրերեն չենք ներքաշվում: Մենք ավելի շատ որակի վրա ենք շեշտը դնում», - նշեց Հայաստանի պաշտպանության նախարարը: