Վան Ռոմպոյը կարեւորում է Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորումը

Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյ, արխիվ

Եվրամիությունը համարում է, որ կայունությունը Հարավային Կովկասում չի կարող ձեռք բերվել առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի կարգավորման: Այդ մասին հայտարարել է Եվրամիության խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը այսօր Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսին:

Նա փոխանցել է, որ հանդիպման ժամանակ իր աջակցությունն է հայտնել օրերս Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարների ընդունած հայտարարությանը:

«Նախագահները բոլոր կողմերի առաջնորդներին հորդորեցին վերահաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, հատկապես նրանց, որ վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չգործադրմանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը: Նրանք կոչ արեցին ձեռնպահ մնալ որեւէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որ կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում եւ հանգեցնել հակամարտության սրացման», - հիշեցրել է Հերման վան Ռոմպոյը:

«Ես նաեւ վերահաստատեցի հակամարտության կողմերի միջեւ մեծացող խզումը կամրջելուն միտված առկա միջոցները ընդլայնելու մեր պատրաստակամությունը», - Եվրամիության խորհրդի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է վան Ռոմպոյը: