Մատչելիության հղումներ

Էնիսկիլենում հայտարարություն է ընդունվել Ղարաբաղի վերաբերյալ


ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների նախագահները Էնիսկիլենում (Հյուսիսային Իռլանդիա) հանդես են եկել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ` «խորը ափսոսանք» հայտնելով այն առնչությամբ, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ:

ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերահաստատել են իրենց աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կողմերին հարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված լուծում գտնելու հարցում` միաժամանակ նշելով. - «Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ բանակցային գործընթացի ընթացքում կողմերը, փոխադարձ շահերի վրա հիմնված լուծում փնտրելու փոխարեն, շարունակել են միակողմանի առավելություններ կորզելու փորձերը: Մենք վստահ ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների համատեղ հայտարարություններում ամրագրված դրույթները պետք է ղարաբաղյան հակամարտության արդար եւ տեւական կարգավորման հիմք դառնան: Այդ դրույթները պետք է դիտարկվեն որպես մեկ ամբողջություն, քանի որ դրանցից որեւէ մեկին առավելություն տալու փորձը կբացառի հավասարակշիռ լուծում գտնելու հնարավորությունը»:

Պուտինը, Օբաման եւ Օլանդը կրկին անգամ ընդգծել են, որ միայն բանակցային գործընթացի միջոցով հնարավոր կլինի հակամարտության այնպիսի կարգավորումը, որը կհանգեցնի խաղաղության, կայունության եւ հաշտեցման` ճանապարհ բացելով տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար:

«Ռազմական ուժի կիրառումը, որի արդյունքում ձեւավորվել է հակամարտության ու անկայունության ընթացիկ իրավիճակը, չի հանգուցալուծի հիմնախնդիրը: Ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետեւանքներ կունենա տարածաշրջանի համար եւ կհանգեցնի մարդկային զոհերի, ավերածությունների, փախստականների թվի աճի, հսկայական ֆինանսական ծախսերի: Մենք վճռականորեն կոչ ենք անում բոլոր կողմերի ղեկավարներին կրկին անգամ վերահաստատել իրենց հավատարմությունը հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես` ուժի չկիրառում եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն, իրավահավասարություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք: Մենք նաեւ կողմերին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի քայլերից եւ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրացման: Առաջնորդները պետք է իրենց ժողովուրդներին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի»:

Նախագահները հավելել են, որ պատրաստ են կողմերին աջակցություն ցուցաբերել, սակայն «հակամարտությանը վերջ դնելու պատասխանատվությունը նրանցն է». - «Մենք խորապես համոզված ենք, որ խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ հավասարակշիռ համաձայնության հասնելու հարցում հետագա ձգձգումը անընդունելի է, եւ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին կոչ ենք անում նոր եռանդով կենտրոնանալ դեռեւս չհանգուցալուծված խնդիրների վրա»:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արձագանքել է նախագահների հայտարարությանը` մասնավորապես նշելով. - «Ի տարբերություն Ադրբեջանի, որն առիթ կամ անառիթ հղում է անում միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքին, Հայաստանը բազմիցս է արտահայտել եւ ի պատասխան Էնիսկիլենում նախագահներ Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի կոչին, եւս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունն առ միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման, եւ տարածքային ամբողջականության»։

Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ չնայած սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից զերծ մնալու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերին, «Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը եւ սադրանքներն Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին, մարդասպանների հերոսացումն ու խաղաղության կոչ անողների հետապնդումները, այլատյացության, անհանդուրժողականության եւ թշնամանքի քարոզչությունը, ինչը հանգեցնում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը եւ լարվածության աճին»։

«Էնիսկիլենում համանախագահ երկրների ղեկավարների ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությունը կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները», - ասված է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG