ՎՊ-ն «կփորձի» ստուգել նախագահականի հատկացրած 500 միլիոնի արդյունավետությունը

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյան, արխիվ

Միաժամանակ, Իշխան Զաքարյանը շեշտում է, որ իրենք «նայում են 2013 թվականը», իսկ այս տարվա ծրագրով «էդպիսի դրամաշնորհ չկա»:
Վերահսկիչ պալատի 2013 թվականի գործունեության 13 կետից բաղկացած ծրագիրը սկսվում է Հայաստանի նախագահի աշխատակազմին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման հարցով: Այս հանգամանքն ուշագրավ է հատկապես վերջին ամիսներին հանրային ուշադրության կենտրոնում գտնվող 500 միլիոն դրամի (մոտ 1.2 միլիոն դոլար) ծախսի արդյունավետության տեսանկյունից:

Հիշեցնենք` 2010-2012 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմից 500 միլիոն դրամի չափով դրամաշնորհներ էին տրամադրվել 31 հասարակական կազմակերպությունների: Ամիսներ առաջ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանից ստացել էր պաշտոնական պատասխան դրամաշնորհների վերաբերյալ: Այդ պատասխանի մեջ նշված հասարակական կազմակերպությունները, որոնք հիմնականում ներկայացված են իբրեւ իրավապաշտպան կազմակերպություններ, համացանցում համառ փնտրտուքներից հետո ի հայտ չեն գալիս:

Հիշեցնենք նաեւ, որ դրամաշնորհներ ստացած կազմակերպությունների՝ պետական ռեգիստրում գրանցված հասցեներ այցելելով՝ չէր հայտնաբերվել որեւէ կազմակերպություն:

Սոցիալական ցանցերում մեծ ուշադրություն կար այս հարցի կապակցությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք Վերահսկիչ պալատն իր տարեկան ծրագրի շրջանակներում կանդրադառնա՞ Հայաստանի նախագահի աշխատակազմին պետբյուջեից հատկացված միջոցների, մասնավորապես` այդ 500 միլիոն դրամի օգտագործման արդյունավետությանը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը պատասխանեց. - «Դա ձեր ասած կառույցի հետ կապ չունի: 500 միլիոն` էդպիսի դրամաշնորհ չկա 13 թվականի ծրագրով, դա ձեզ վստահ ասում եմ»:

Հիշեցմանը, որ խոսքը 2010-12 թվականների մասին է, Վերահսկիչ պալատի նախագահը արձագանքեց. - «Մենք նայում ենք 13 թվականը` 13 թվականի ծրագրով չկա նման բան»:

«Հիմա պարզ է, որ 2010-12 թվականներին Հայաստանի նախագահի աշխատակազմը 500 միլիոն դրամի դրամաշնորհներ է հատկացրել մի շարք կազմակերպությունների, մենք գնացել ենք այդ կազմակերպությունների հետեւից, համենայն դեպս հինգ կազմակերպություն այն տեղում չէր, որ պետռեգիստրով պիտի լիներ: Դուք հնարավո՞ր է պարզեք` ի վերջո ինչ է եղել», - այս հարցին ի պատասխան էլ Զաքարյանը նշեց. - «Չեմ կարող ասել, կփորձենք նայել»:

Մինչ այս զրույցը Իշխան Զաքարյանը լրագրողների ներկայությամբ անդրադարձել էր պետբյուջեի միջոցները ծախսելու դատապարտվող ոճին: «Մենք տարիներ շարունակ խոսում ենք ատկատներից, տարիներ շարունակ», - ասել էր, մասնավորապես, նա:

Հիշեցնենք նաեւ, որ «ատկատների» հարցին անցյալ տարվա սեպտեմբերին անդրադարձել էր նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ դիմելով վարչապետին: «Հետո գնալու են մարդկանց հետեւից, ովքեր ատկատներ են վերցնում... Գլխից պիտի բռնենք` մեծերին», - հայտարարել էր, մասնավորապես, նախագահը:

Նշենք, որ Վերահսկիչ պալատի մասին օրենքի երկրորդ հոդվածի համաձայն` «Վերահսկիչ պալատն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից»: