Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությունում հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների ղեկավարները՝ վարչապետի գլխավորությամբ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Բացելով խորհրդակցությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ այն անցկացվում է իր նախաձեռնությամբ. - «Մեր խնդիրները, մեր առջեւ ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները պահանջում են իշխանության բոլոր թեւերի ավելի համակարգված աշխատանք: Այսօրվա հանդիպման առիթը Նախագահի վերահսկողական ծառայության կողմից իմ հանձնարարությամբ կատարված մի ուսումնասիրության արդյունքների քննարկումն է, որը վերաբերում է պետական գնումների կազմակերպման գործընթացին»:

«Բայց նախքան այդ հարցին անցնելը, մեկ-երկու դիտարկում եմ ուզում անել մեր գործունեության ներկա օրակարգի կարեւոր թեմաներով», - ասել է Սերժ Սարգսյանը` իր ելույթում անդրադառնալով Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու ու ազատ արձակելու եւ Սիրիայի շուրջ զարգացումներին:

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից արդարադատության վիժեցումը չի կարող նշանակել միջազգային իրավունքի եւ արդարության վիժեցում: Հենց դա էր պատճառը, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ընդգծեց տեղի ունեցածի անթույլատրելիությունը», - ասել է Սերժ Սարգսյանը` շեշտելով, որ «դա շատ կարեւոր էր, բայց, այնուամենայնիվ, բավարար չէ»:

«Մենք անցնում ենք անհրաժեշտ աշխատանքների այս ուղղությամբ: Իրավական բլոկի պատասխանատուները, կարծում եմ, արդեն շատ լավ գիտեն իրենց անելիքը: Ես ակնկալում եմ ակտիվ, հետեւողական ջանքեր բոլոր հնարավոր միջազգային ատյաններում: Ակնկալում եմ համակարգված եւ հեռահար աշխատանք», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Իր ելույթում նա անդրադարձել է նաեւ սիրիահայությանն խնդիրներին. - «Սիրիայի հայության համար, իրոք, փորձության պահ է: Սիրիայի ցավը` մեր ցավն է: Մերձավոր Արեւելքում եւ արաբական պետություններում տեղի ունեցողը` մեր պետության անվտանգության խնդրի հետ ուղիղ փոխշաղկապում ունի»:

«Հայաստանի պետական կառույցներն այս պահին ունեն առանձնահատուկ դեր: Շատ կարեւոր է, որպեսզի Հայաստանի պետական մարմինները, մասնավորապես` Արտգործնախարարությունը, Սփյուռքի նախարարությունը, Տարածքային կառավարման նախարարությունը, Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ այլ պատկան մարմիններ, գործեն օպերատիվ եւ համակարգված, կարողանան համարժեք արձագանքել եւ որոշում ընդունել ստեղծված կոնկրետ իրավիճակում», - ասել է Սերժ Սարգսյանը` մասնավորեցնելով. - «Պահանջում եմ ձեզանից, որպեսզի Սիրիայից ներգաղթած մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորեք ամենայն ուշադրություն եւ, ըստ հարկի, համակողմանի աջակցություն ցուցաբերեք նրանց»:

«Թե՛ Հայաստան եկողները, թե՛ Սիրիայում մնալու որոշում կայացրած մեր հայրենակիցները պետք է հավասարապես զգան, որ մենք իրենց հետ ենք ցանկացած որոշման դեպքում: Մենք մշտապես պետք է ծրագրավորենք մեր հետագա քայլերը զարգացման բոլոր սցենարների դեպքում: Եվ այս ուղղությամբ եւս կոնկրետ արդյունքներ եմ ակնկալում», - ասել է երկրի նախագահը` եզրափակելով. - «Հայաստանը աղետի մեջ հայտնված յուրաքանչյուր հայորդու կողքին պետք է լինի աշխարհի բոլոր անկյուններում»:

Այնուհետեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը ներկայացրել է գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ուսումնասիրության հիմնական արդյունքներն ու եզրակացությունները: Ըստ այդմ` գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երեւույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից եւ սկզբունքներից. - «Լիազոր մարմինները լիարժեքորեն չեն իրականացնում իրենց պարտականությունները, իսկ պատվիրատուները բացի իրենց պարտականությունները լիարժեքորեն չկատարելուց, օգտվելով ենթաօրենսդրական բացերից, որոշ դեպքերում գործում են կամայականության դաշտում՝ չապահովելով մրցակցային, արդյունավետ եւ թափանցիկ գնման ընթացակարգեր»:

Նախագահն իր խիստ դժգոհությունն է արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից` ընդգծելով, որ արձանագրված երեւույթները ինչպես պատասխանատուների կողմից ժամանակին արդյունավետ կանոնակարգերի ներդրման հարցում թերացման, այնպես էլ գնումների գործընթացում պատվիրատու գերատեսչությունների անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքն են:

Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը հանձնարարել է հանդիպման մասնակիցներին՝ յուրաքանչյուրն իր նախարարությունում, գերատեսչությունում խորհրդակցություններ հրավիրի եւ աշխատակիցներին հստակ բացատրի, որ նման թերացումների դեպքում այլեւս զուտ աշխատանքից ազատելը կամ կշտամբելը բավարար չի լինելու:

«Եվ առաջին հերթին հենց ձեզնից եմ ակնկալելու նախաձեռնություններ», - դիմելով ներկաներին՝ ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ եւ կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայի վերահսկողություն եւ այլն, խնդիրներ կան կապված ե՛ւ գնումների, ե՛ւ պետական բյուջեն արդյունավետ տնօրինելու հետ: Նա խստորեն հանձնարարել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը եւ Գլխավոր դատախազությանը՝ լրջորեն զբաղվել այս խնդիրներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG