Տիգրան Խաչատրյանը եւ Զարզանդ Նիկողոսյանը կալանավորվեցին

Գորիս քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ ձերբակալված Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից:

Նույն աղբյուրի փոխանցմամբ, Նիկողոսյանին եւ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու եւ ապօրինի զենքի:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է մեղադրյալներին գրավի դիմաց ազատ արձակելու` պաշտպանական կողմի միջնորդությունը:

Շաբաթ երեկոյան Գորիսում տեղի ունեցած դեպքերի հետեւանքով սպանվել է քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, եւս երկու մարդ վիրավորվել է:

Տիգրան Խաչատրյանը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին է, Զարզանդ Նիկողոսյանը` թիկնապահը:


Աստղիկ Բեդեւյան