Մատչելիության հղումներ

Սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն


Սյունիքից ստացված լուրերի համաձայն, սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով Գորիսի զորամասի հրամանատարն է, տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժինը դեպքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է. - «Հունիսի 1-ին, ժամը 23:40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը եւ 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հ. Հունանյանը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ա. Զաքարյանը եւ Սյունիքի մարզային վարչության պետ Վ. Ավագյանը:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Դեպքին ականատեսները եւ բոլոր հնարավոր վկաները հարցաքննվում են: Կան ձերբակալվածներ: Կատարվում է նախաքննություն»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանն ասաց, որ քրեական գործը վարում է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային քննչական բաժինը: Նա հրաժարվեց ձերբակալվածների կոնկրետ թիվ հրապարակել, պատճառաբանելով, թե տվյալները փոխվում են:

Աշոտ Ահարոնյանը չհրապարակեց ձերբակալվածների, բերման ենթարկվածների անունները, սակայն նշեց, որ հանցագործության մասնակիցների ինքնությունը հայտնի է, կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, հատուկ հսկողության տակ գտնվող անձինք:

«Իրեղեն ապացույցները նույնպես կան, հայտնաբերվել եւ առգրավվել են նաեւ զենքեր, կան խոստովանական ցուցմունքներ: Համապատասխան քննչական եւ օպերատիվ միջոցառումները շարունակվում են», - հավելեց նա:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե դեպքին ինչ առնչություն ունեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա հարազատները, մասնավորապես թիկնապահը, մորաքրոջ թոռը, Աշոտ Ահարոնյանն ասաց. - «Այս պահին այդ տեղեկությունները ստուգվում են, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ»:

Հիշեցնենք, որ միջադեպի հետեւանքով սպանված Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի վերջին ընտրությունների ժամանակ չէր թաքցրել քաղաքում առկա լարվածության մասին տեղեկությունները: Ավետիք Բուդաղյանի մրցակիցը Գորիսի ներկայիս քաղաքապետն էր, որին այն ժամանակ սատարում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG