Գորիսի սպանության նախաքննությունը փոխանցվել է զինդատախազությանը

Գորիս

Իրավապահները առայժմ տեղեկատվություն չեն տրամադրում կատարվածի հնարավոր շարժառիթների վերաբերյալ:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Ավետիք Բուդաղյանի սպանության կապակցությամբ հարուցված քրեական գործի նյութերը կիրակի օրը փոխանցվել են զինվորական դատախազությանը: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի պետ, գնդապետ Արմեն Հովհաննիսյանը:

Ի պատասխան Սյունիքի մարզպետի եւ նրա հարազատների բնակարաններում խուզարկությունների եւ զենքի հայտնաբերման կապակցությամբ տեղեկություններ տրամադրելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքի, Հովհաննիսյանն ասաց, որ սպանության հետ կապված հարցերով այլեւս զբաղվում է զինդատախազությունը` «իրենց մոտ է ամբողջը, իրենք են կատարում, մենք չենք անում»:

Այս տեղեկությունը Գորիսի ոստիկանապետը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կեսգիշերին՝ հեռախոսով: Նա աշխատավայրում էր: Զինվորական դատախազություն կատարած մեր բազմաթիվ հեռախոսազանգերն անպատասխան էին:

Այն, որ գործը կփոխանցվի զինդատախազության վարույթ, սպասելի էր` դեպքից տուժածներից մեկը Գորիսի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանն է:

Հիշեցնենք, հունիսի 1-ին, ժամը 23:40 ոստիկանությունը ահազանգ է ստացել Գորիսում հնչած կրակոցների մասին: Ըստ ոստիկանության՝ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան մոտ, իսկ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կիրակի երեկոյան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի հրամանատար Արամ Ասատուրյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Արտակ Բուդաղյանի վիճակը կայուն ծանր է, նա վիրահատվել է, հրազենային մեկ վնասվածք է ստացել կրծքավանդակից ներքեւ, աջ մասում: Հրամանատարն ասաց, որ Արտակ Բուդաղյանը վիրահատվել է Գորիսի հիվանդանոցում, ապա տեղափոխվել Երեւան՝ զինվորական հոսպիտալ: Երեկոյան հրամանատարի փոխանցած տեղեկությունների համաձայն` Արտակ Բուդաղյանը վերակենդանացման բաժնում էր:

Դեպքից տուժած մյուս անձը՝ 38-ամյա Նիկոլայ Աբրահամյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում է: Հիվանդանոցից «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ նա վիրահատվել է Գորիսում, ըստ բժիշկների` վնասվել է նրա որովայնը, արձանագրված վնասվածքը եղել է աղիքի ծակումը: Հիվանդանոցի ընդունարանից փոխանցեցին, որ նա վերակենդանացման բաժնում է, ասացին, թե գիտակից վիճակում է:

Ինչ վերաբերում է այս արյունալի պատմության շարժառիթներին, երեկ ամբողջ օրվա ընթացքում ոստիկանության մի շարք պաշտոնյաներ ձեռնպահ էին մնում ներկայացնել անգամ նախնական վարկած: «Ազատություն» ռադիոկայանի բազմաթիվ հարցապնդումներին ի պատասխան` Հայաստանի ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն անգամ հրաժարվում էր հայտնել ձերբակալվածների եւ բերման ենթարկվածների թվի, նրանց ինքնության մասին տեղեկություններ: Երեկ Գորիսում էին Հայաստանի ոստիկանապետի տեղակալը, քրեական հետախուզության գլխավոր վարչության պետը:

Ոստիկանության Գորիսի մեր աղբյուրները երեկ հայտնեցին, որ ձերբակալվել է Զարզանդ անունով անձնավորություն: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության պետը չէր հստակեցնում այս, ինչպես նաեւ այն տեղեկությունը, ըստ որի՝ երեկ բացատրություններ է տվել Սյունիքի մարզպետը: Ի դեպ, ոստիկանությունը ձեռնպահ էր մնում պաշտոնապես հաստատել նաեւ տեղեկությունը, որ ձերբակալված Զարզանդ անունով անձնավորությունը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահն է:

Սոցիալական ցանցերում տեղեկություններ են հրապարակվել, ըստ որոնց` Գորիսում Սյունիքի մարզպետի, Լեռնային Ղարաբաղի նախագահի, Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների մասնակցությամբ տեղի է ունեցել խնջույք, որի ժամանակ արդեն խնդիրներ են ծագել Սյունիքի մարզպետի, նրա կողմնակիցների եւ երկու եղբայրների միջեւ: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների` դրանից հետո են հնչել կրակոցները:

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չհերքեց այս անձանց մասնակցությամբ հանդիպումը, ասաց, որ ինքը ներկա է եղել, բայց իրավիճակը ներկայացրեց այսպես. - «Այդպիսի մի բան չի եղել, մենք նման խնջույքների չենք մասնակցել, եկել ենք սիմվոլիկ նստել, հաջողություն ասել գնացել: Հիմա, այդ դեպքը եղել է դրանից, ինչքան գիտեմ, մի 5-6 ժամ հետո»:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` հանդիպմանը ներկա՞ էին արդյոք Արտակ եւ Ավետիք Բուդաղյանները, Դավիթ Բաբայանը փոխանցեց. - «Ես Արտակին չեմ ճանաչում, Ավետին ճանաչում եմ, տեսել եմ, հա, բայց որեւէ այսպիսի բան չի եղել այնտեղ, նորմալ ուղղակի եկել ենք, մասնակցել ենք: Ոչ մի բան չի եղել այնտեղ, եղել են Սյունիքի պատասխանատուները, գործարարները... մենք ընդհանրապես ոչ մի բան ենք տեսել, ընդհանրապես, չենք էլ ճանաչում այդ մարդկանց: Առավոտյան ենք իմացել, որ այդպիսի դեպք է եղել` լրատվամիջոցներից: Որեւէ բան չենք նկատել այնտեղ, որ թշնամանք լինի, ինչ-որ բան լինի... »:

Հիշեցնենք, Ավետիք Բուդաղյանը Գորիսի քաղաքապետի ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել երեք տարի առաջ, քաղաքապետի հերթական հաջորդ ընտրությունը սպասվում է մեկ տարուց: Երեք տարի առաջ Գորիսի քաղաքապետի ընտրությունները լարված էին գնահատում դրանց հետեւողները: Ավետիք Բուդաղյանը չէր թաքցնում, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել: Սյունիքի մարզպետը, որը սատարում էր չորրորդ անգամ Գորիսի քաղաքապետի պաշտոնում վերընտրված Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Նելսոն Ոսկանյանին, այն ժամանակ հերքում էր ճնշումների մասին տեղեկությունները: