Կարկտից տուժած գյուղացիների վարկերը կազմում են շուրջ 9 մլրդ դրամ

Կարկտահարությունից տուժած գյուղացիներին աջակցելու համար ստեղծված իմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյան

Արմավիրի մարզում մոտ երկու շաբաթ առաջ կարկտահարությունից տուժած 46 համայնքների գյուղացիական տնտեսությունների վարկերի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 9 մլրդ դրամ` միջինը 24 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

«Հենց այս բանկերի մեծ տոկոսներ են եղել պատճառը, որ այսօր գյուղացին ոչ մի խնայողություն չունի գոնե նման աղետների դեպքում իր միջոցներից էլ օգտագործի», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց գյուղացիներին աջակցելու նպատակով ստեղծված հիմնադրամի նախագահ, ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՀՀԿ):

Նա նաեւ նշեց, որ դեռեւս հայտնի չէ, թե որքան գումար է փոխանցվել բացված հաշվեհամարին, սակայն տեղեկացրեց, որ տարբեր գերատեսչություններ ու պաշտոնյաներ որոշակի գումարներ են խոստացել փոխանցել:

Նա գումարներ փոխանցելու կոչով դիմեց քաղաքական ուժերին, հասարակական կառույցներին ու անհատներին:

Պետրոսյանը չկարողացավ գնահատական տալ գյուղնախարարության աշխատանքին` պատճառաբանելով, որ չկա գյուղատնտեսության մասին օրենք: Պատգամավորի խոսքով, աշնանը պատրաստվում են քննարկել այդ օրենքի նախագիծը:

Գյուղացիների շրջանում Կառավարության աջակցության ծրագիրը` հողի հարկից, ջրի վարձավճարից ազատելը, վարկերի մարման ժամկետները հետաձգելը, միանշանակ չի ընկալվում:

Ոմանք պարզապես չեն հավատում, որ կիրականացվեն ծրագրում նշված բոլոր խոստումները:

«Չեն էլ օգնի: Ամեն մեկին մի քիչ սերմ կտան, կասեն տար ցանի: Ինչքան որ խոսք են տվել, եթե անեն, հոյակապ բան կլինի, բայց չեն անի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հուշակերտ գյուղի բնակիչներից մեկը:

Ծիրանի ու դեղձի այգու տերը, ցույց տալով վնասված ծառերը, ասաց որ իրեն հասցված վնասը գնահատում է 4 միլիոն դրամ: Նրա խոսքով, այգին կրկին բերք կարող է տալ միայն 4-5 տարի հետո. - «Մեր ակնկալիքն այն է, որ մեզ գումարային փոխհատուցում տան»: