Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց նոր կառավարության ծրագիրը


Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի դահլիճում, 23-ը մայիսի, 2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խորհրդարանի դահլիճում, 23-ը մայիսի, 2013
Խորհրդարանը հինգշաբթի օրը 76 կողմ, 41 դեմ հարաբերակցությամբ ընդունեց նոր կառավարության գործունեության ծրագիրը:

Ծրագրին դեմ քվեարկեցին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ), «Ժառանգություն», Դաշնակցություն խմբակցությունների, ինչպես նաեւ իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանի» (ԲՀԿ) պատգամավորները: Սակայն քանի որ իշխող Հանրապետականը խորհրդարանում մեծամասնություն է կազմում, վերջինս իր կոալիցիոն գործընկերոջ` «Օրինաց երկրի» հետ ծրագիրը հեշտությամբ հաստատեց:

Այն, որ ծրագրի հաստատման համար իշխող ուժը չուներ ընդդիմության կարիքը, իր ելույթում անգամ նշեց Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` ընդգծելով, թե հենց ընդդիմությունը իրենց կարիքը ունի: Սահակյանն ասաց` պարզ չէ, թե ինչին է դեմ քվեարկությունը ընդդիմություն` աշխատավարձերի բարձրացմանը, թե` երկրի անվտանգությանը:

«Դեմ քվեարկեք, գոնե մաղձոտ մի եղեք, եթե թույն եք օգտագործում, գոնե մեղվի թույն օգտագործեք», - հորդորեց նա:

Ապա Հանրապետականի փոխնախագահը հերթով փորձեց պատասխանել իշխանության հասցեին քննադատություն հնչեցրած ընդդիմադիրներին: Նա նախ հակադարձեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ով իր ելույթում սուր քննադատության էր ենթարկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:

«Երկրի դատախազից դժգոհ են լինում միայն ու միայն հանցագործները: Եվ հետո առաքինի տիկնոջը պետք է սովորեցնել, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենա կանգնեցնի, մեքենաները չկանգնեն, դրանից նեղանա», - ասաց նա:

Ապա Գալուստ Սահակյանը անդրադարձավ դաշնակցական Վահան Հովհաննիսյանին, ով երեկ կառավարությանը հորդորել էր չհավատալ Սահակյանի այն պնդումներին, թե իշխող Հանրապետականից լավը չկա: Վահան Հովհաննիսյանն ասել էր, թե Սահակյանը «ուղղակի շուլուխ է անում»:

«Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չէ», - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Սահակյանը չէր մոռացել նաեւ Վահան Հովհաննիսյանի այն սուր դիտարկումը, թե, օրինակ, եթե նախարար Արմեն Աշոտյանը փորձի մի տեղ առաջադրվել եւ չունենա Սերժ Սարգսյանի պաշտպանությունը, ապա նրան «դալաններում այնքան կծեծեն, որ կարտագաղթի երկրից»:

«Բա հլա դուք ի՞նչ կլինեիք, եթե ինքը [Սերժ Սարգսյանը] չլիներ», - հարցրեց նա:

Սահակյանը չմոռացավ նաեւ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:

«Էս Լեւոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է, առաջին նախագահին երկրորդական մարդ սարքեց: Էս ազնիվ ձեւանալու քաղաքականությունը որտեղի՞ց... հլը մի հատ տեսեք դուք որտեղից եք եկել ու որտեղ եք գնում: Դե գնայիք, կարկուտը բռնեիք: Փոխանակ մի առաջարկ անեք, փոխանակ մտածեք, գոնե մի ժամանակ կար, որտեղ երեք մարդ էր հավաքվում, գնում կողքները կանգում էիք, էսօր էդ էլ չեք անում, որովհետեւ զրո եք: Աստված անի, մեզնից հետո դուք գաք, բայց մենք էլի կլինենք», - հեգնում էր Սահակյանը:

Ի դեպ, իր ելույթում Լեւոն Զուրաբյանին հիշեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը` արձագանքելով Զուրաբյանի այն դիտարկմանը, թե իշխանությունները ժողովրդին մեծ վնասներ հասցնելուց հետո դեռ մի բան էլ այսօր եկել են եւ խորհրդարանում իրենց վստահությունն են ուզում:

«Ես լինելով Գերագույն խորհրդի նախագահության անդամ` հինգ տարի եղել եմ ընդդիմության շարքերում, եւ Լեւոն Զուրաբյանի այն բոլոր հայտարարությունները իշխանության ցինիզմի, լկտիության, ամենաթողության մասին զգացել եմ իմ վրա», - ասաց վարչապետը:

Վարչապետը խոսեց ընդդիմության եւ նրա դերակատարության մասին` ներկայացնելով այն դասերը, որն ինքը քաղել է իր գործունեության ընթացքում, մասնավորապես, որ իշխանությունը պարտավոր է լսել ընդդիմությանը, նույնիսկ եթե այդ ընդդիմությունը պառակտված է, փոքրաթիվ, թույլ, քանի որ ընդդիմության գաղափարները կարող են օգտակար լինել: Վարչապետ նաեւ ներկայացրեց իշխանափոխության հետ կապված իր սերտած դասը:

«Մեր երկրի հիմնական խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ ապագայի տեսլականը, համոզմունքը եւ կամքը, ով ունի ապագայի տեսլական, ով ունի համոզմունք, կամք, նա էլ կլինի իշխանություն Հայաստանի Հանրապետությունում», - ասաց նա:

Սերտած դասերը ներկայացնելուց հետո վարչապետը ասաց, թե խորհրդարանի դահլիճում արդեն իրականություն է դարձել «մտածողության հեղափոխությունը»: Շաբաթվա սկզբին կառավարության ծրագիրը ներկայացնելիս` վարչապետը խոստացել էր մտածողության հեղափոխություն անել, որպեսզի «արտոնյալ կարգավիճակը, պաշտոնական դիրքի չարաշահումը, կոռուպցիան, օրենքից վեր դասվելը տեղ չունենան եւ դատապարտելի լինեն բոլորի կողմից»:

«Այս երեք օրերի ընթացքում ես տեսա, որ այս դահլիճում տեղի ունեցավ մտածողության փոփոխություն, մտածողության հեղափոխությունը սկսվեց այս դահլիճից, եւ ես ձեզ շնորհակալ եմ դրա համար», - ասաց վարչապետը:

Վարչապետ, սակայն, այդպես էլ չմանրամասնեց, թե անցած երեք օրերի ընթացքում ինչ էր փոխվել խորհրդարանում:
XS
SM
MD
LG